Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Թահրիր հրապարակի մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, հաղորդում է BBC-ին:
Անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:
Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են չեղյալ հայտարարել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմից Սահմանադրության հռչակագրում կատարված փոփոխությունները, որոնք ընդլայնում են նախագահի իրավասությունների շրջանակը:
Ցուցարարների ձեռքերին եղել են ցուցանակներ՝ «Մուսուլման եղբայրները» գողացել են հեղափոխությունը», «Նախագահը ժողովրդին դրդում է քաղաքացիական անհնազանդության» գրառումներով:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Մուհամմադ Մուրսին հրապարակեց սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:
Եգիպտոսի անվտանգության ուժերի տեղեկատվության համաձայն՝ ցույցերը սկսվելուց ի վեր ձերբակալվել է շուրջ 300 մարդ:











































