Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Շարքային Սերոբի «ուղեղը մթագնել» է, զենքը պահել է ընկերոջ գլխին ու սպանել

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Սերոբ Բուդաղյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանը 2013 թվականի մարտի 20-ին, ժամը 18-ն անց 50-ի սահմաններում դիրքի կացարանի դիմաց խուլիգանական դրդումներով, հանկարծակի ծագած ուղղակի դիտավորությամբ վերցրել է իրեն ամրակցված զենքը, այդ զենքի համար նախատեսված փամփշտատուփը՝ տասը փամփուշտներով, մոտեցել է ինքնաշեն նստարանին նստած Վոլոդյա Ավագյանին, փամփշտատուփն ամրացրել է զենքին, փակաղակը քաշելով՝ լիցքավորել է այն, փողն ուղղել է Վոլոդյայի գլխին, մեկ ընդհուպ կրակոց արձակել Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ մասին ու սպանել է նրան:

Նախաքննական մարմինը Սերոբ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Բուդաղյանը արգելանքի տակ է առնվել 2013 թվականի մարտի 22-ից:

Ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ Բուդաղյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Պատասխանելով առաջադրված հարցերին՝ Բուդաղյանը հայտնել է, թե դեպքի պահին ինքը, ինն ամսվա զինծառայող լինելով, ծանոթ է եղել իրեն ամրակցված զենքի առանձնահատկություններին:

Դեպքի օրը՝ զենքը լիցքավորելու ժամանակ, մոռացել է, որ պահեստատուփն ամրացված է զենքին, դրան ուշադրություն չի դարձրել: Մոտեցել է Վոլոդյային, մոտ կես մետր հեռավորությունից զենքը պահել է նրա ուղղությամբ: Բայց չի նախատեսել ու չի գիտակցել, որ կրակոց կարձակվի, ու Վոլոդյան կմահանա: Չի իմացել, մոռացել է, որ զենքի մեջ փամփուշտ կա:

Վոլոդյայի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, իրենց միջև կոնֆլիկտներ չեն եղել: Ինքը պատճառ չի ունեցել նրան սպանելու համար:

Նախկինում կատակի համար փորձել է վախեցնել համածառայողներին՝ նրանց վրա զենք պահելով:

Նախաքննական ցուցմունքում Բուդաղյանը հայտնել է, թե ինքն ու սպանված Վոլոդյան մտերիմ են եղել, հաճախ կատակել են իրար հետ:

Դեպքի օրը ինքն ու Վոլոդյան պետք է կանգնեին որպես դիտորդ: Ինքը մոտ մեկուկես մետր հեռավորության վրա կանգնել, զենքի փողն ուղղել է նստարանին նստած Վոլոդյայի գլխի ուղղությամբ, սեղմել է ձգանն ու կրակել է:

Չի հիշում՝ կրակոցի պահին Վոլոդյան իրեն նայել է, թե ոչ:

Զենքի փողի ծայրը Վոլոդյայի գլխից ամենաշատը մեկ մետր հեռավորության վրա է եղել:

Ամեն բան կատարվել է շատ արագ՝ մի քանի վայրկյանում: Կրակոցից առաջ ինքը ոչինչ չի ասել: Վոլոդյան՝ նույնպես: Կրակոցից հետո տեսել է, թե ինչպես է ծակվել Վոլոդյայի ճակատի վերին հատվածը:

Կրակոցից հետո Վոլոդյան կիսականգնել է, մարմնով առաջ է եկել, ձախ կողմով շրջվել ու մեջքի վրա ընկել է սեղանին, շուռ է տվել սեղանն ու ընկել է գետնին:

Ինքը զենքը գցել է, ծնկի է իջել, լաց է եղել: Վազել է ճանապարհի կողմը, հեռախոսով զանգել է հորն ու ասել է, որ ընկերը մահացել է, բայց հայրը չի հասկացել, թե ինքն ինչ է ասում:

Հետո գնացել է դիրքի ավագ Հակոբյանի մոտ, բռնել է նրա հագուստից, ասել է. «Հիմա ի՞նչ ենք անելու, դատվելու եմ, արի ասենք՝ ինքնասպանա էղել»:

Ավագն ասել է. «Չէ, տենց ո՞նց կլինի, ինձանից հեռու»:

Մյուս զինվորները մոտեցել են Վոլոդյային, փորձել են օգնել, նրանց թվացել է, թե Վոլոդյան դեռ ողջ է:

Դիրք են եկել հրամանատարը, այլ սպաներ, շտապօգնության մեքենան: Ինքը չոքել է հրամանատարի առաջ, խնդրել է, որ փրկի իրեն, ինքը դատվելու է: Նա էլ ասել է՝ հանգստացիր:

Ինքը կրակելու պահին հասկացել է, թե ինչ է անում: Ու թեև չի ցանկացել Վոլոդյայի մահը, բայց սեղմել է ձգանը: Չգիտի, թե ինչու է սպանել, դրա համար պատճառ չկար:

Այլ ցուցմունքներում Բուդաղյանը ժխտել է վերը ասածները, պնդել է, թե կատակի համար է զենքը պահել Վոլոդյայի գլխի ուղղությամբ ու մոռացել է, որ զենքը լիցքավորված է: Կատակելու ցանկությունն առաջացել է պահեստատուփը զենքին ամրացնելուց հետո:

Ամրացրել է ու անմիջապես մոռացել դրա մասին:

Այդ ժամանակ ինքը սիրահարված է եղել ընկերուհուն, միգուցե դա է ազդել, որ պահեստատուփն ամրացրել է զենքին ու անմիջապես մոռացել է:

Տուժողի իրավահաջորդը՝ Վոլոդյա Ավագյանի հայրը, ասել է, թե Վոլոդյան իր միակ որդին է եղել: Նա դեպքի օրը՝ ժամը 16-ն անց 30-ին, հեռախոսով խոսել է իր հետ, ունեցել է շատ լավ տրամադրություն:

Նույն օրվա երեկոյան իրեն զանգահարել ու ասել են դեպքի մասին: Վոլոդյան Բուդաղյանի մասին ոչինչ չի ասել, նրանից չի բողոքել:
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սերոբ Բուդաղյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը եզրակացրել է, թե քննությամբ չի հաստատվել, որ սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով, որ կրակելու պահին Սերոբ Բուդաղյանը «ձգտել է սեփական անձի առավելություններն ընդգծել, ներքին բավականություն ստանալ, զվարճանալ, ինքնահաստատվել կամ իր անձը հակադրել հասարակությանը»:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ նախաքննությամբ ու դատական քննության ընթացքում «հնարավոր չի եղել պարզել Սերոբ Բուդաղյանի կողմից զենքը Վոլոդյա Ավագյանի գլխի ուղղությամբ ընդհուպ պահելու և կրակոց արձակելու շարժառիթը»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սերոբ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը, տուժողի իրավահաջորդը և պաշտպանության կողմը:

Վերաքննիչ քրեական դատարանում կողմերը ներկայացրին իրենց բողոքները:

Մեղադրողը միջնորդեց բեկանել դատավճիռը, Սերոբ Բուդաղյանին մեղավոր ճանաչել խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու դատապարտել 14 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված զինվորի հայրը, ով շատ զուսպ էր իրեն պահում, դժգոհ է ընդհանուր իրավասության դատարանի դատավճռից, այն համարում է անարդար դատավճիռ:

Վերաքննիչ քրեական դատարանից տուժողի հայրը ակնկալում է արդար դատավճիռ՝ Բուդաղյանի արարքին համաչափ պատժով:

Սերոբ Բուդաղյանի շահերի պաշտպանը ևս համաձայն չէ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի հետ: Նույնպես բեկանում է ակնկալում: Սակայն՝ պաշտպանական կողմի սպասելիքը մեղադրանքի մեղմացումն է:

Ըստ պաշտպանի՝ Սերոբն անզգուշաբար է կրակ արձակել, նա անզգույշ է վարվել զենքի հետ: Ոչ մի պատճառ ու շարժառիթ չկար դիտավորյալ սպանություն կատարելու համար:

Պաշտպանի բողոքի մեխը կազմում էր կասկածը՝ դիրքի ավագ Հակոբյանի գործողությունների նկատմամբ: Հակոբյանն ընդհանուր իրավասության դատարանում չի հարցաքննվել, դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել է, բայց նրա ներկայությունն ապահովել չի կարողացել: Հրապարակվել և հետազոտվել են Հակոբյանի նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմն առարկություններ չի ներկայացրել:

Պաշտպանը հիմա ենթադրում է, թե Հակոբյանի հարցաքննությունը դատարանում կարող է ավելի հիմնավոր դարձնել իր տեսակետը, որ սպանությունը կատարվել է անզգույշ կերպով:

Բացի դրանից, ըստ որոշ վկաների՝ դեպքից առաջ Հակոբյանը ձեռք է տվել Սերոբ Բուդաղյանի զենքին: Ըստ պաշտպանի՝ հնարավոր է՝ դրա պատճառով է զենքը կրակել, երբ արդեն Սերոբի ձեռքին է եղել:

Պաշտպանը միջնորդեց բեկանել դատավճիռը, մեղսագրված արարքում արդարացնել Բուդաղյանին կամ բեկանել դատավճիռը, արարքը վերաորակել որպես անզգույշ սպանություն կամ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության կամ, ծայրահեղ դեպքում, պատժի մասով փոփոխել դատավճիռը, Բուդաղյանի նկատմամբ սահմանել նվազագույն պատիժ:

Սերոբ Բուդաղյանը վերաքննիչ քրեական դատարանում ասաց. «Ես ոչ մի բան չեմ ունեցել Վոլոդյայի դեմ… սպանության պատճառ չկար: Եթե ցանկանայի սպանել, վկաների ներկայությամբ չէի կրակի, կարող էի դա դիրքում անել»:

Դատարանի հարցին՝ ո՞րն էր զենքը Վոլոդյայի գլխին պահելու և կրակելու պատճառը, Բուդաղյանը պատասխանեց. «Չեմ կարա ասեմ՝ ուղեղս մթագնած ա եղել… Իր տեղը ուրիշը լիներ, երևի նույնը կլիներ… ոնց որ ես արած չլինեի, չգիտեմ՝ ինչ ա կատարվել… Ես բոլորի հետ լավ եմ եղել, բոլորն էլ՝ ինձ հետ, տուժողը՝ նույնպես… Մենք միայն կատակներ ենք արել իրար հետ…»:

Դատարանը հարցրեց. «Ուղեղի մթագնելը ո՞րն է, դա ի՞նչ է նշանակում»:

«Չեմ կարող ասել»,- պատասխանեց ամբաստանյալը:

«Քո ներսում փորձե՞լ ես արարքիդ բացատրությունը գտնել»,- հարցրեց դատարանը:

«Ես իմ ներսում շատ եմ փնտրել, բայց չեմ գտել բացատրությունը… Իմ կարծիքով՝ ինձ ճիշտ չեն դատել… Ես դրդապատճառ չունեի դիտավորյալ սպանելու համար….»,- ասաց Բուդաղյանը:

Մեղադրողն ու տուժողի իրավահաջորդն առարկեցին պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ: Մեղադրողը պնդեց, որ սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով, այսինքն՝ չնչին առիթով…

Տուժողի իրավահաջորդն ասաց. «Եթե Բուդաղյանը չի կարողանում ասել՝ ինչպես է կատարվել սպանությունը, տեսաերիզ կա, թող նայի ու հասկանա…»: Սպանվածի հայրը ամբաստանյալին «մարդասպան» անվանեց:

Պաշտպանական կողմն իր հերթին առարկեց մեղադրողի և տուժողի իրավահաջորդի բողոքների դեմ:

Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակ կմտնի հաջորդ դատական նիստին, որը կկայանա հուլիսի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում