Հայաստանի և Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում և մասնավորապես հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Կարծում եմ, որ Խորվաթիայի խորհրդարանում 2010 թ. հուլիսին ձևավորված Խորվաթիա-Հայաստան և 2009 թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության միջխորհրդարանական խմբերը նույնպես կարևոր դերակատարություն կունենան միջխորհրդարանական երկխոսության խթանման գործում` երկկողմ և բազմակողմ հարթություններում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում», – ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն կարևորեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակական բնույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությանը ԵՄ նախաձեռնությունների` Արևելյան գործընկերության և Սևծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: «Այս համատեքստում մենք կարևորում ենք ընթացիկ տարվա փետրվարին հնչեցված` խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության արձանագրության ստորագրման վերաբերյալ, – ասաց Հովիկ Աբրահամյանը: – Հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է ներկայացված փաստաթղթի դրույթներին և ստորագրման հնարավորությանը կանդրադառնա մոտակա ժամկետներում»:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի համար` Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը խորհրդարանական արդյունավետ և բեղմնավոր համագործակցության հաստատումն է: Միաժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ, այցը խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների համար` սերտացնելու հետագա համագործակցությունը, ինչպես նաև գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու կապերն ու ամրապնդել փոխվստահությունը:
Ներկայացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի անցած ճանապարհը` Լուկա Բեբիչն ասաց, որ իրենք ցանկանում են կիսել իրենց փորձը, միաժամանակ, տեղեկանալու այդ ուղղությամբ Հայաստանի ձգտումներին: Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը: Լուկա Բեբիչը վստահություն հայտնեց, որ հայ և խորվաթ խորհրդարանականների հանդիպումն իր ներդրումը կունենա հետագա համագործակցության ընդլայնման, եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կառույցներում համագործակցությանը:
Երկու խորհրդարանների նախագահներն էլ համակարծիք էին, որ տնտեսական բնագավառում շատ չիրացված հնարավորություններ կան: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ տնտեսության մի շարք ոլորտների զգալի ներուժը, այդ թվում` էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առողջապահություն և այլն, բավարար բացահայտված ու օգտագործված չէ: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ իր խորվաթ գործընկերոջ այցը խթան կհանդիսանա նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար:
Նշենք, որ առավոտյան Լուկա Բեբիչը և պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն