Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո կառավարությունը հայտարարեց սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ընդ որում՝ խոսքը անապահովների նպաստները ընդամենը 1000 դրամով բարձրացնելու մասին է: Մինչ անապահովները դժգոհում են նպաստի ավելացման չափից, կառավարությունը հաշվարկել է, որ մի բան էլ շատ է փոխհատուցել թանկացման դիմաց, և որ աղքատները կարող են այդ գումարով մնացած թանկացումների հարցերն էլ լուծել:
«Առնվազն ծիծաղելի է, էդպես ո՞ւմ ենք մենք ապակողմնորոշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ իրեն հարգող մարդը մինչև անգամ թույլ չի տա իրեն ասել՝ 1000 դրամ:
«Նման է էն բանին, որ Իլֆը և Պետրովը ասում են՝ Պովոլժյեի սոված երեխաներին վրձիններ ենք առնելու: Էս ինչի՞ մասին եք խոսում, 1000 դրամով փրկվո՞ւմ է 150 հազար ընտանիք»:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե կառավարությունը հաշվարկել է, որ էլեկտրաէներգիայի միջին ծախսի ավելացումը 770 դրամ է, և մի բան էլ շատ են փոխհատուցում աղքատ ընտանիքներին, Վարդան Բոստանջյանը հայտարարեց. «Ի՜նչ ճոխություն, ի՜նչ ճոխություն, կարող է երջանկությունից զոհվեն էդ ընտանիքները»:
Մանրամասները՝ տեսանյութում: