Ամերիկայի Հայ դատի գրասենյակը քիչ առաջ իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որտեղ ասվում է, որ գրասենյակը գոհ է ԱՄՆ-ում տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների կապակցությամբ: Գրասենյակի պնդմամբ, իրենց կողմից աջակցվող թեկնածուներից մոտ 90%-ը հաղթել է ընտրությունների ժամանակ:
«Մենք միանում ենք ամերիկյան հայերի շնորհավորանքներին` ուղղված այս ընտրություններում երկու կուսակցություններից հաղթանակ տարած թեկնածուներին, եւ ակնկալում ենք կառուցողական աշխատանք Կոնգերսի նոր անդամների եւ առաջնորդների հետ»,-ասված է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի հայտարարության մեջ: «Մենք հատկապես հպարտ ենք այն դերակատարությամբ, որ մեր համայնքն ունեցել է մի քանի առանցքային ընտրական պայքարներում, այդ թվում` Մարկ Քըրքի հաղթանակն Իլինոիսում, Բարբարա Բոքսերի հաղթանակը՝ Կալիֆորնիայում, Հարրի Ռեյդի հաղթարշավը Նեւադայում, եւ, իհարկե, Մայք Գրիմմի հաղթանակը Մայքլ Մաքահոնի նկատմամբ»:
Փաստորեն, գրասենյակի կողմից աջակցություն ստացած վեց սենատորներից հինգը հաղթել են:
Ներկայացուցիչների պալատի ընտրություններում գրասենյակն աջակցել է 158 թեկնածուի, որից մոտ 150 հաղթանակ են տարել: