«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար, ղազախստանցի վերլուծաբան Էդուարդ Պոլետաևը:
– Այսօր Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովի թվիթերյան էջից հայտնի դարձավ, որ Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին կմիանա հոկտեմբերին, այնինչ Նազարբաևը մայիսի 29-ին պնդում էր, որ Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրների՝ ԼՂ կարգավիճակի հարցի լուծման պարագայում Հայաստանը կկարողանա միանալ մինչև հուլիսի 1-ը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հույս հայտնեց, որ Հայաստանը կմիանա հնարավորինս արագ:
– Ես կարծում եմ, որ խնդիրը Հայաստանը չէ, եվրասիական եռյակը չէ, այլ այն, որ Հայաստանը ցանկություն հայտնեց միանալ այդ պրոյեկտներին՝ միանգամից արագորեն դա առաջ մղելով, ինչն էլ անսպասելի էր անդամ բոլոր երկրների համար՝ բացի Ռուսաստանից: Որևէ մեկը Հայաստանից չէր սպասում նման ընտրության և հանձնառության, երևի թե նույնիսկ Հայաստանի համար էր դա անակնկալ: Իմ կարծիքով՝ դրան պատրաստ չէին Բելառուսն ու Ղազախստանը, թեև Ղազախստանը Հայաստանի հետ հիանալի հարաբերություններ ունի այլ ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլն, ուստի խնդիրը համաձայնությունների ձեռք բերման մեջ է: Նույնիսկ ՄՄ ձևավորման աշխատանքներն են երկար ընթացք ունեցել՝ օրենսդրության համապատասխանեցում, համաձայնեցում, և դա շարունակվել է նաև այդ միության ձևավորումից հետո:
Իմ կարծիքով՝ իրավիճակը կախված է ոչ այնքան եվրասիական եռյակից, որքան նրանից, թե Հայաստանը որքան ժամանակում կիրականացնի պահանջվող աշխատանքը, թեև նախապատրաստական աշխատանքները Հայաստանը մեծապես իրականացրել է: Ի դեպ, շատ դրական է, որ Հայաստանի անդամակցությունը տեղի է ունենալու հանդիսավոր արարողության՝ նիստի ժամանակ, եվրասիական եռյակի մասնակցությամբ. դա այդ անդամակցությանը հավելյալ կշիռ կհաղորդի:
– Մայիսի 29-ին Աստանայում Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը՝ Հայաստանից պահանջելով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Հայաստանի անդամակցության ձգձգումը կապված չէ՞ Ղազախստանի դիրքորոշման հետ:
– Ոչ, ես կարծում եմ, որ այս ամենն այդքան կախված չէ Ղազախստանի, Ադրբեջանի դիրքորոշումից, քանի որ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ունի բավականին ուժեղ առևտրատնտեսական կապեր և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի հետ, ուստի ուկրաինական զարգացումների ֆոնին մեծացավ հետաքրքրությունն ու ուշադրությունը չկարգավորված տարածքային հակամարտությունների նկատմամբ, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունն ու Մերձդնեստրը, Հարավային Օսիան, Աբխազիան: Ուստի ես կարծում եմ, որ նույնիսկ տեղին կլինի, եթե Հայաստանը միանա եվրասիական պրոյեկտներին ԼՂ-ի հետ միասին:
Այսօր խոսում ենք Հայաստանի միանալ-չմիանալու մասին՝ այն դեպքում, երբ այդ միությունը գործելու է հունվարի 1-ից, և կարող են ի հայտ գալ դեռ շատ նրբություններ՝ տեխնիկական, բախումներ, տարաձայնություններ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել կոնսենսուսի միջոցով: Այսինքն՝ քանի որ այսօր դեռ այդ պայմանագիրն ուժի մեջ չի մտել, սկզբունքային հարց չէ, թե կոնկրետ Հայաստանը երբ կմիանա՝ սեպտեմբերի՞ն, թե՞ հուլիսին: Չկարգավորված հակամարտությունների առկայությունն էլ է սրել իրավիճակը. դա փաստ է:
– Երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց եվրասիական պրոյեկտներին միանալու մասին, ռուսաստանցի փորձագետները պնդում էին, որ եթե նույնիսկ Ռուսաստանի եվրասիական գործընկերները դեմ լինեն Հայաստանի շուտափույթ անդամակցությանը, ապա Ռուսաստանին կհաջողվի հարթել այդ հարցը: Փաստորեն Ռուսաստանը, այնուամենայնիվ, չի կարողանում լուծել այս հարցը:
– Ղազախստանում Հայաստանի անդամակցության դեմ հրապարակավ հակազդեցություն չկա, ավելին՝ որոշ չինովնիկներ բավականին հստակ ասում են, որ Հայաստանը ԵՏՄ պոտենցիալ անդամ է: Պարզապես ղազախական բիզնեսը, տնտեսությունը մարսում են մայիսի 29-ին ստորագրված պայմանագիրը և սպասում որոշակի փոփոխությունների, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից հետո: Սակայն Հայաստանին մեծ ուշադրություն չի հատկացվում, միայն ԱԳՆ-ն է ուշադրություն դարձնում, բիզնեսը գնահատում է հեռանկարները իր և երկրի համար: Հայաստանին ետ մղող երևույթներ չկան, չեմ լսել ձևակերպումներ, թե՝ մեր ինչի՞ն է պետք Հայաստանը: Հարցն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի հետ ձևավորվել են բավականին լավ արտաքին քաղաքական հարաբերություններ, բիզնեսի մակարդակում Հայաստանը արտասահման է դարձել, քանի որ մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է, թեև ժամանակ առ ժամանակ այն աճում է, բայց ոչ՝ էական չափով: Մենք չունենք ընդհանուր սահման, մենք ուղիղ չվերթներ ունենք շաբաթը ընդամենը մեկ անգամ: Այսինքն՝ Ղազախստան-Հայաստան կապերը, հաղորդակցությունը մեծ չեն: Բարձր մակարդակի հարաբերություններ, իհարկե, կան, բայց բիզնեսի ներկայացուցիչները քիչ բան գիտեն ներկայիս Հայաստանի մասին: Ուստի նրանք չգիտեն՝ Հայաստանի անդամակցությունը ի՞նչ կտա իրենց: Սա պետք է դեռ մարսել, հնարավոր է նաև՝ չի բավականացնում տեղեկատվական նյութն այն հեռանկարների մասին, որոնք սպասվում են Հայաստանի անդամակցության դեպքում:
– Չե՞ք բացառում, որ այս ընթացքում Ղազախստանը, մարսելով Հայաստանի անդամակցության հեռանկարները, դեմ լինի ՀՀ անդամակցությանը:
– Ես այդպես չեմ կարծում, քանի որ պաշտոնական մակարդակում որևէ մեկը չի խոսել այդ մասին: Պաշտոնական Աստանան աջակցում է ընդլայնմանն այն դեպքում, երբ շուկան էլ ընդլայնվում է: