Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Տիգրանյանի գործի դատական քննությունը:
34-ամյա գյումրեցի Արմեն Տիգրանյանը դատարանի առաջ կանգնել է իր ծնողներին ձեռքերով ու ոտքերով ոչ մեկ անգամ ծեծելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 24-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արմեն Տիգրանյանը կենցաղային վեճի ժամանակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել հորը՝ պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Վեճին միջամտել է Արմենի մայրը, բայց որդին մորը նույնպես հարվածներ է հասցրել:
Նույն տրամադրվածությամբ է ծնողների հետ վիճել Արմենը նաև մարտի 31-ին, ժամը 23-ի սահմաններում:
Նա դարձյալ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել ծնողներին՝ հոր առողջությանը նորից պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Արմեն Տիգրանյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: