Իրինդ գյուղում ընտրություններին մինչև 100 հազար դրամ է բաժանվել մեկ ձայնի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրինդ գյուղի նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը` անդրադառնալով գյուղի ներկայիս վիճակին և գյուղապետի ընտրությունների ընթացքում իրականացված ընտրակեղծիքներին:
Նա տեղեկացրեց, որ Իրինդը միակ գյուղն էր, որ ողջ տեխնիկան, շենքերը ԽՍՀՄ շրջանից պահպանվել էին, այնինչ երկու տարվա ընթացքում ալան-թալան է սկսվել, ամբողջ գույքը ծախել են կոպեկներով: Ըստ նրա` մարդիկ ընտրություններին ծախվել են կոպեկներով, հետո փոշմանել:
Քոթանյանի փոխանցմամբ` ձայնին մինչև 100 հազար դրամ փող են տվել, ընտրություններին փողեր են բաժանվել, ուժային կառույցներն են աշխատել: «Դեպուտատներ, ով կա, լրիվ աշխատում էին իմ դեմ: Այն մարդիկ կանգնեցին իմ կողքին, ում լավություն չէի արել, մարդիկ մաքուր ձևով կանգնեցին ու ասացին, որ էս գյուղին դրսից չպետք է թելադրել: Մարդիկ, որ փողի կարիք էլ ունեին, չվերցրին»,- ասաց նա` շարունակելով, որ գյուղն այսօր ևս բաժանված է իր և ներկայիս գյուղապետի կողմնակիցների միջև: Նրա համոզմամբ, սակայն, իշխանություններին պետք է այնպիսի մարդ, որ ինչ նվագ տան, դրա տակ պարի: Այնինչ, Ալեքսան Հարությունյանի խոսքով, ինքն ունեցել է սկզբունքներ ու այդ սկզբունքներով էլ առաջնորդվելու է ապագայում:
«Նախկին քաղաքապետը, որ այսօր դեպուտատ է, Մնացական Մնացականյան, սկի շրջանը չգիտի, ես ասի՝ ես չեմ տա, ես իրեն չեմ ճանաչում որպես այդ ուղեղի տեր մարդու: Մարդիկ պետք է առողջ մտածեն, հանրապետությունը քանդում է ժողովրդի ստրկամտությունը: Մարդիկ ստրուկի կարգավիճակ են ձեռք բերել, մարդիկ ազատ պետք է մտածեն: Եթե մարդն ազատ մտածելակերպ չունեցավ, ապրելու իրավունք չունի»,- նշեց Քոթանյանը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: