Նոր կառավարության նշանակումից հետո կադրային վերադասավորումների ալիքը կանգ է առել, և իշխանությունը, կամ ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանը, ներկայումս գտնվում է, այսպես ասած, մարսողության փուլում: Ըստ երևույթին՝ մարսողության փուլում են գտնվում նաև մնացյալ քաղաքական սեգմենտները, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն էլ շարունակության համար սպասում է այդ արձագանքներին, բայց ոչ թե գնահատականի, այլ հենց մեսիջի տեսքով, երբ քաղաքական սեգմենտները ցույց կտան, թե իրենք ինչ դիրքորոշում են պատրաստվում որդեգրել առկա ներիշխանական վերադասավորումների պարագայում: Սակայն, միևնույն ժամանակ, միամիտ կլինի կարծել, թե Սերժ Սարգսյանը հենց նրանց դիրքորոշմանն է սպասում իր հետագա քայլերն անելու համար: Դա ունենալու է նշանակություն, սակայն ամենևին ոչ գլխավոր կամ գերակա, որովհետև Սարգսյանի գլխավոր խնդիրը տվյալ պարագայում հենց այն է, որ իր քայլերով ստիպի քաղաքական մյուս սեգմենտներին մտնել այն հարթության մեջ, որը ինքը կկամենար, կամ իր համար շահավետ կլիներ:
Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, փորձում է ազդել քաղաքական մյուս ուժերի և թևերի դիրքորոշումների վրա, այսինքն՝ նրանցդիրքորոշում է ուզումպարտադրել՝ չթողնելով այլ տարբերակներ, մանևրի այլ հնարավորություններ: Ահա այդ իմաստով, թերևս, իրականությանն ավելի մոտ է այն, որ Սերժ Սարգսյանը դադար է վերցրել, որպեսզի դիտարկի իր կատարած մեծածավալ կամ համեմատաբար մեծածավալներ իշխանական վարժանքի արդյունքը քաղաքական ամբողջական դաշտի պահվածքի վրա: Այսինքն՝ նա երևի թե փորձում է տեսնել, հասել է իրուզածինայդմասով, պարտադրել է քաղաքականուժերինորոշակիիրավիճակիհետհամակերպում և դիրքորոշում, թե դա անել չի ստացվել և հարկավոր է առավել ընդարձակ շարժ կատարել իշխանության ներսում:
Ըստ երևույթին, դա գիտակցում են նաև մյուս թևերը, այդ իսկ պատճառով չեն փորձում շտապել քաղաքական բնույթի հայտարարությունների մասով և գերադասում են տեղավորվել ավելի շատ փորձագիտական հանրույթին բնորոշ գնահատականների շրջանակում՝ չշտապելով իրենց մատնել Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից կա նաև այն վտանգը, որ քաղաքական առումով լռությունը կարող է ենթադրել հենց այն, որ Սարգսյանը հասել է իր նպատակին, և այսօր ասելիքն ու անելիքը նրա ձեռքում է, իսկ քաղաքական մնացյալ դաշտին մնացել է միայն լռելը:
Դա, իհարկե, տխուր, մտահոգիչ հեռանկար է Հայաստանի համար, և գուցե ամենավատ «էֆեկտն» է, որներ իշխանական վերադասավորումները կարող էին ունենալ Հայաստանի համար: Թեև, մյուս կողմից, դա գուցե բացում է շոկային թերապիայի որոշակի մի ճանապարհ: Եթե մյուս բոլոր ճանապարհները փակվում են, այն էլ՝ հասարակության անտարբերության ներքո, ապա շոկայինը մնում է միակ տարբերակը: