Մի քանի ժամ առաջ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և մի շարք դաշնակից երկրներ ռազմական գործողություններ են սկսել Լիբիայի դեմ` ապահովելու Լիբիայի խաղաղ բնակչությանը այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի զինված ուժերի հարձակումներից: Դրա համար նրանք սսկել են օդային ռմբակոծության ենթարկել Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող ռազմական օբյեկտներն ու զինված ուժերի ստորաբաժանումները:
Զուգադիպությու՞ն է սա, թե՞ ոչ, բայց Մերձավոր Արևելքում 21-րդ դարի մեկ այլ խոշոր պատերազմ նույնպես սկսվել է մարտի 19-ին: 2003թ.-ի այդ օրն ԱՄՆ-ն և դաշնակից երկրների ռազմական ուժերը պատերազմ սկսեցին Իրաքի դեմ` երկրի նախագահ Սադամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելու համար, որն, ըստ այդ երկրների, վտանգ էր ներկայացնում միջազգային անվտանգության համար: Թեպետ ակտիվ ռազմական գործողություններն ավարտվել են մի քանի տարի առաջ, սակայն իրավիճակն այս երկրում շարունակում է լարված մնալ:
Կարելի է միայն հույս հայտնել, որ Լիբիան չի վերածվի մերձավորարևելյան քարտեզի հերթական թեժ կետին, որտեղ հակամարտությունը կունենա նույն «վախճան», ինչն Իրաքում: