Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է դատապարտյալներ Ահարոն Մխիթարյանի և Անդրանիկ Հայրապետյանի գործի դատական քննությունը:
25- ամյա Ահարոն Մխիթարյանը 2013 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:
Պատիժը կրում էր ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում:
Պատիժը կրելու ընթացքում՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում Ահարոն Մխիթարյանը և դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը ստանձնել են այդ ՔԿՀ-ի դատապարտյալների թիվ 1 հանրակացարանում դատապարտյալներ Արմեն Ոսկանյանի և Վոլոդյա Շախպերյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պարզաբանման գործը:
Երբ Շախպերյանը փորձել է դուրս գալ հանրակացարանից, պարզաբանողներ Ահարոնն ու Անդրանիկը նրան հետ են կանչել: Անդրանիկը հարցել է, թե նա ո՞վ է: Շախպերյանն էլ հանդգնել է պատասխանել «Կակուլին»:
Այս հանդգնությունը դուր չի եկել Ահարոնին ու Անդրանիկին ու պարզաբանման փոխարեն նրանք անցել են «դաս տալուն» ՝ Ահարոնը բռունցքով հարվածել է Շախպերյանի դեմքին, վերջինս վայր է ընկել, այնուհետև «ախպերները» ոտքերով հարվածներ են հասցրել գետնին ընկած Շախպերյանին՝ պատճառելով վնասվածքներ, այդ թվում՝ 4-րդ և 5-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Շախպերյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
24-ամյա դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը 2011 թվականի օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 4 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել գողությունների համար ու պատիժը կրում էր «Սևան» ՔԿՀ-ում:
Ահարոն Մխիթարյանին ու Անդրանիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: