Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Հարութը կրակել է ոչ թե Վարդանիկի դստեր փեսացուի գլխին, այլ իրենց ամբարում՝ առնետների վրա

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածին՝ Կարեն Եսայանին դիտավորությամբ սպանելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դարձյալ դատարան չէր ներկայացել տուժող Կարեն Եսայանի իրավահաջորդ Իսկանդարյանը: Վերջինիս ներկայացուցիչ Էլբակյանը հայտնեց, որ Իսկանդարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ներկայանալու, բայց դա չի խոչընդոտում դատական նիստն անցկացնելու համար:

Իր ծավալուն վերաքննիչ բողոքը շարունակեց ներկայացնել ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հարություն Սարգսյանի մեքենան խուզարկվել է նրա տան խուզարկության ընթացքում, ոչինչ չի հայտնաբերվել: Թե ինչպես է հետագայում մեքենայում հայտնաբերվել Սարգսյանի կեղտոտ անդրավարտիքը, հայտնի չէ: Այդ անդրավարտիքը Հարությունի հագին չի եղել դեպքի ժամանակ:

Պաշտպանը զավեշտալի համարեց, որ հանցագործությունը կատարելուց հետո թաքնվել ցանկացող մարդը սվիտերը հանել, դրել է կեղտոտ շորերի մեջ, անդրավարտիքը հանել ու դրել է բակում կայանված մեքենայի մեջ, բայց մոռացել է, չի փոխել կոշիկները:

Դեպքի օրվա եղանակային պայմանները նկատի առնելով՝ Սարգսյանի տվյալ անդրավարտիքի վրա ցեխի հետքեր պիտի լինեին:

Կրակոցի արգասիքներ են հայտնաբերվել «Պոլո» ֆիրմայի սվիտերի թևքերի վրա, բայց եթե հանցագործության ժամանակ Սարգսյանն այդ սվիտերով է եղել, կրակոցի արգասիքները պիտի լինեին սվիտերի վրա հագած բաճկոնի, ոչ թե սվիտերի թևքերի վրա:

Սարգսյանն զբաղվել է մեքենաներ ներկրելով, շփվել է մեքենաների մասերի հետ, հիշատակված սվիտերն ու անդրավարտիքը աշխատանքային հագուստներ են եղել, ոոնց վրա կարող էին լինել կապարի մետաղացման հետքեր:

Տանը կից ամբարում էլ Հարությունը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել՝ կրծողների դեմ պայքարելով, վերը հիշատակված աշխատանքային սվիտերը հագին կարող էր կրակել առնետներին, այդ կրակոցների արգասիքները կարող էին լինել նրա աշխատանքային հագուստի վրա: Որսորդական հրացանի փողում իրոք եղել են կրակոցի արգասիքներ, ինչը ցույց է տալիս, որ կենցաղային նպատակներով կրակոցներ արձակվել են դրանով:

Դատարանը սվիտերի վրա առկա քրտինքի արգասիքներում Սարգսյանի ԴՆԹ հատկանիշների հայտնաբերումով հաստատված է համարել, որ հենց այդ սվիտերն է եղել Հարությունի հագին սպանության պահին:

Դատարանի որոշման բացակայության պայմաններում կատարված խուզարկության արձանագրությունը անթույլատրելի ապացույց չի ճանաչվել:

Փաստաբանը իր հարգանքն արտահայտեց վերաքննիչ քրեական դատարանի կազմի՝ Ս. Չիչոյանի, Ե. Դարբինյանի, Գ. Ավետիսյանի նկատմամբ՝ բացատրելով առանձնապես մանրամասն ելույթ ունենալու պատճառը:

Վկա Ռազմիկ Եսայանը՝ Կարեն Եսայանի հայրը, ոստիկանությունում առաջին անգամ է տեսել Հարություն Սարգսյանին, նա ինչպե՞ս կարող էր արժանահավատ կերպով ասել, թե Եսայանի մեքենային հետևել է մի մեքենա, որի ղեկին հենց Սարգսյանն է եղել:

Դատավճռում, ըստ պաշտպանի, աղճատված է ներկայացվել Ռազմիկ Եսայանի ցուցմունքը: «Պարկեշտ մարդ է տուժողի հայրը, ստիպված է եղել նման ցուցմունք տալ, հետո՝ մեր հարցերին պատասխանելով, անմիջապես հետ է կանգնել իր ցուցմունքից՝ ասելով, որ Սարգսյանին առաջին անգամ ոստիկանությունում է տեսել:

Պաշտպանը նշեց, թե «Արմենիա»-ով վերջերս հաղորդում է տեսել, որը կարծես այլ գործի վերաբերեր: Տուժողի մայրը նշել է, թե այսինչ համարով մեքենան է հետապնդել Կարենին, այդ մեքենան էլ իբր Սարգսյանինն է եղել: Բայց նշված համարով մեքենան Սարգսյանինը չէ, պետք է իրական հետապնդողներին գտնեին:

Հեռախոսային վերծանումներով եթե մարդկանց գտնվելու վայրը որոշվում է, ապա այդ վերծանումներով պարզվում է, որ Հարություն Սարգսյանը Կարեն Եսայանին չի հետևել:

Հարություն Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, այն դեպքում, երբ պիտի հարցաննվեր որպես կասկածյալ, նա ոստիկանություն էր բերման ենթարկվել՝ սպանություն կատարելու կասկածանքով:

Ոստիկանությունում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի, ընդհուպ մինչև խոշտանգման դրսևորումներ են եղել: Դատարանը այդ փաստերին ուշադրություն չի դարձրել:

Կարեն Եսայանի դիակը հայտնաբերելուց հինգ րոպե անց սկսվել է Հարություն Սարգսյանի հարցաքննությունը, եթե հնարավոր է հավատալ, որ այդ հինգ րոպեում կատարվել են բազմաթիվ գործողություններ, նյութերն ուղարկվել են Երևան, հետո քննիչը հասել է Գյումրի ու հարցաքննել Սարգսյանին:

Վերջինս զրկված է եղել արդարացի դատաքննության իրավունքից:

Պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել բազմաթիվ անձանց որպես վկա հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, նրանց ցուցմունքներով ի հայտ կգային գործի համար կարևոր նշանակություն ունեցող շատ հանգամանքներ:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի ունեցած տեղեկությունները մեծ նշանակություն կարող էին ունենալ Եսայանի սպանության բացահայտման համար: Բաբակեխյանին պետք էր հրավիրել դատարան ու հարցաքննել:

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, դեմ է եղել Կարեն Եսայանի ու իր քրոջ ամուսնությանը:

Չի պարզվել՝ ի՞նչ առնչություն կարող էր ունենալ Սպարտակ Ղուկասյանը Եսայանի սպանությանը: Չեն պարզվել բազմաթիվ հարցեր: Անհրաժեշտ կլիներ ստանալ Սպարտակի հեռախոսային վերծանումները՝ նրա գտնվելու վայրը պարզելու համար, պաշտպանական կողմը միջնորդել է նրան հրավիրել հարցաքննության:

Մասնավոր հարցման ենթարկված անձն ասել է, թե վախենում է իր կյանքի ու անվտանգության համար, չի կարող հրապարակավ Սպարտակ Ղուկասյանի դեմ ցուցմունք տալ:

Այդ անձի տվյալները գաղտնի է պահում պաշտպանության կողմը:

Բայց դատավարությունը մրցակցային է, պաշտպանության կողմին պետք էր հնարավորություն տալ հրավիրելու վկային դատարան ու հարցաքննելու առանց մեղադրող կողմի ներկայության՝ պահպանելով անձի գաղտնիության սկզբունքը դռնփակ նիստում՝ ասաց պաշտպան Սահակյանը:

Կարեն Եսայանի դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարվել ու մահվան փաստը արձանագրվել է չորս ժամ տատանումով: Դա հնարավորություն պիտի տար ավելի ազատ լինելու:

Ըստ պաշտպանի՝ անհրաժեշտ էր դատարան հրավիրել դատաբժիշկ փորձագետին՝ Լիպարիտ Ղուկասյանին:

Պաշտպանը հիշատակեց, որ ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում բռնություն էր գործադրվել Հարություն Սարգսյանի հոր նկատմամբ, նրա ոտքը ակնհայտ վնասվել էր, բայց փորձագիտական եզրակացություն տվեցին Գյումրիում, թե մարդն ընդհանրապես վնասվածք չունի: Միայն Երևանում անկախ փորձագետը եզրակացություն տվեց, որ միջին ծանրության վնասվածք է ստացել Սարգսյանը:

Փորձագետը չափել է միայն դիակի ջերմաստիճանը՝ առանց միջավայրի ջերմաստիճանը չափելու, դրա համար մահվան ստույգ ժամը չի որոշվել՝ ըստ պաշտպանի:

Պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից՝ առանց բավարար հիմնավորման:

Կարեն Եսայանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներից ակնհայտ է դառնում, որ Եսայանը դեպքի օրը ստացել մեկ զանգ ու մեկ կարճ հաղորդագրություն: Մինչդեռ բազմաթիվ վկաներ ցուցմունքներ են տվել, որ ժամը տասից սկսած, երբ Եսայանը տուն չի գնացել, նրա մասին տեղեկություններ չեն ունեցել, բազմաթիվ անգամ զանգել են նրան, բայց այդ զանգերը վերծանումների մեջ արտացոլված չեն:

Եսայանի բջջային հեռախոսի զննությունից հետո դատարանն այդ կարևոր ապացույցը վերադարձրել է տուժողներին, փոխանակ կցեր գործին:

Հեռախոսը կարող էր կարևոր տեղեկություններ հաղորդել սպանության օրվա վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ դատարանը պետք է անթույլատրելի ճանաչեր օրենքի խախտմամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ:

Վկաները հարցաքննվել են գիշերային ժամերին, տասնյակ ժամեր, ոմանք՝ շուրջ երկու օր վախի ու սպառնալիքների ճնշման տակ գրվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք ձեռնտու են եղել նախաքննական մարմնին:

Վկաների մի խումբը իբր թե պիտի ապացուցեր, որ Հարությունը դյուրաբորբոք, խանդոտ, բացասական բնութագրվող մարդ է, բայց նրան բնութագրել են որպես պարկեշտ, դրական անձի:

Դատարանը, ըստ պաշտպանի, ցանկացել է ամեն գնով դատապարտել Հարություն Սարգսյանին, մերժել է պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները, դրանք անվանել է անհիմն, նշել է թե պաշտպանական կողմի տարաբնույթ հայտարարություններն ու միջնորդությունները միտված են եղել փաստերը խեղաթյուրելուն, դատաքննությունը ձգձգելուն:

Պաշտպանն ասաց. «Օրերով միջնորդություններ ենք արել: Չկա մի ապացույց, որը կարող է թույլատրելի լինել: Դատարանը քննարկում էր միջնորդություններն ու արձանագրում, որ դրանց կանդրադառնա խորհրդակցական սենյակում, սակայն պետք է անմիջապես որոշումներ կայացներ…»:

Ըստ պաշտպանի՝ դատարանը կանխակալ վերաբերմունք է ունեցել պաշտպանության կողմի նկատմամբ. «Դատական քննությունը ձգձգելը մեզ ընդհանրապես ձեռնտու չէր, ի՞նչն ենք խեղաթյուրել, թող դատարանը փաստերով ներկայացներ… Էս կարգի մեղադրական եզրակացության արտատպում, ինչպես այս գործով է, դեռ չէր եղել: Դատավճռի վերջին երկու թերթը և արանքում երկու պարբերություն է, որ արտատպված չեն մեղադրականից, էդպիսի դատական ակտ է՞ լինում, դատարանում լիքը ցուցմունքներ են տրվել, լիքը ապացույցներ են հետազոտվել… Դատարանն անտեսել է Սարգսյանի անմեղությունը հաստատող ապացույցները…»:

Հարություն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, որ գլխին արձակված մեկ կրակոցով սպանել է Կարեն Եսայանին, բայց ըստ պաշտպանի՝ ոչ մի ապացույց չկա, Հարություն Սարգսյանն իր մոտ հրազեն չի պահել՝ դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննությունների եզրակացությամբ՝ զենքի կրման հետքեր չեն հայտնաբերվել Հարությունի հագուստներին:

Կարեն Եսայանի լվացված մեքենայի վրա մատնահետքեր են հայտնաբերվել, որ չեն թողել Կարեն Եսայանը, Հարություն Սարգսյանը կամ ավտոլվացման կետի աշխատողները:

Ըստ պաշտպանի՝ դրանք հենց Կարեն Եսայանին սպանած անձի մատնահետքերն են: Մարդասպանը մինչև այսօր չի հայտնաբերվել:

Հարություն Սարգսյանի քթից, ականջներից վերցրած քսուկներում կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել , այն դեպքում, երբ ըստ մեղադրանքի՝ նա կրակել է ողորկափող զենքով:

Հարություն Սարգսյանի այն հագուստի վրա, որին կրակոցի արգասիքներ են հայտնաբերել, արյան հետքեր չեն եղել, մինչդեռ ընդհուպ կրակոց է արձակվել, արյունը մինչև մեքենայի ձախ դռան պաստառն է ցայտել:

Զենքի կրման հետք Հարությունի հագուստներին չէր լինի, եթե զենքը չթաքցրած, բացահայտ բռնած փողոցով անցներ:

«Էսպես բոլորս կարող ենք դատվել»,- ասաց Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանը:

Իրականում, ըստ պաշտպանի, Կարեն Եսայանին հետևողներ են եղել, հետապնդել են, դրանց չեն բերում, չեն հարցաքննում, սպանվածի հայրը տվել է Բաբակեխյանին այդ տվյալները, դրանք ոչ ոքի չեն հետաքրքրել…

«Էդ ձեզ համար է անմեղ ամբաստանյալը»,- ասել է նախագահող դատավորը, երբ պաշտպանը ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն և ասել, թե անմեղ մարդ է դատվում:

Պաշտպանական կողմի միջնորդություններն այն աստիճան են զայրացրել դատավորին, որ նա անթաքույց վիրավորել է պաշտպանական կողմին՝ ասելով, թե խեղաթյուրվում են գործի իրական հանգամանքները:

Հարություն Սարգսյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում նման ծանր պատիժ սահմանելով՝դատարանն արդեն ցույց է տվել իր կողմնակալությունը՝ պաշտպանի կարծիքով, չնայած ամբաստանյալին ոչ մի պատիժ չի հասնում՝ նրա անմեղության պատճառով:

Դատարանը դատական ակտում մոռացել է նշել, թե ինչ պաշտոններ զբաղեցնելու, ինչ գործունեությամբ զբաղվելու իրավունքից է Սարգսյանին զրկում մեկ տարի ժամանակով: Մարդու կոնկրետ ո՞ր իրավունքն է սահմանափակել՝ հարցրեց պաշտպանը:

Հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալը դատավճռի հրապարակման օրը չէր կարող տեղափոխվել դատարան, դատարանը դա իմացել է, պաշտպանական կողմի բացակայությամբ հայտնվել է դահլիճում ու հրապարակել դատավճիռը: Դրանից հետո էլ գնացել է մեկուսարան, մտել է ամբաստանյալի խուցը, որպեսզի հայտնի՝ ես քեզ տասնհինգ տարի եմ դատապարտել: Պաշտպան Սահակյանի կարծիքով՝ սրանք սադիստական մղումներ են ամբաստանյալի նկատմամբ: Հարություն Սարգսյանը մինչև օրս ապօրինի կերպով է անազատության մեջ:

Լուսինե Սահակյանն իր բողոքը եզրափակեց հետևյալ պահանջով. ամբողջությամբ բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը, կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

Քսան րոպե ընդմիջումից հետո դատարանը շարունակեց դատական նիստը:

Ամբաստանյալ ՀարոթյունՍարգսյանի երկրորդ պաշտպան Հունան Բաբայանը հիշատակեց, որ ընդհանուր իրավասության դատարանը քառասունհինգ վկայի է քննել, բայց գոնե մեկ հարց նրանց չի տվել: Սա արդեն ցույց է տալիս նախագահողի վերաբերմունքն այս գործին:

Հարություն Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ դատարանից ակնկալում է արդար դատական ակտ: Պնդեց, որ Վարդան Ղուկասյանի աղջկան տեսած չկա նույնիսկ հարյուր մետրից, Կարեն Եսայանին տեսած չկա: «Ես կապ չունեմ էս ամենի հետ: Արդար որոշում տվեք, եթե գտնում եք կապ ունեմ՝ խստացրեք պատիժս, ինձ ցմահ ազատազրկում տվեք, ես ձեզնից արդար դատական ակտ եմ ակնկալում»:

Մեղադրողն անդրադարձավ հանցագործության դրդապատճառին, պնդեց, որ դրդապատճառը եղել է Հարությունի խանդը, մերժված լինելու զայրույթը:

Հարությունի ծնողներն են որոշել, որ իրենց որդին ամուսնանա Մանյա Ղուկասյանի հետ: Դա հաստատել են վկաները, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգը, Վարդան Ղուկասյանը: Վերջինս վրդովվել է իր աշխատասենյակ «հարսնախոսության» եկած Սամվել Սարգսյանի պահվածքից, ով որդու համար խնդրել է Վարդան Ղուկասյանի դստեր ձեռքը, բայց չի կարողացել ասել, թե կոնկրետ ո՞ր դստեր ձեռքն է խնդրում:

Մանյա Ղուկասյանը նշել է, որ իրեն հետևել է արծաթագույն «Մերսեդեսը»: Աղջկա ուշադրությունը մեքենան գրավել է նրանով, որ Կարենն էլ է նման մեքենա ունեցել: Բայց նա սխալվել է:

Մեղադրողն ասաց, թե հենց ինքն է միջնորդել Մանյային բերման ենթարկելու մասին, բայց հնարավոր չի եղել աղջկան բերման ենթարկել դատարան:

Հարությունի խանդոտ լինելը, ըստ մեղադրողի, հաստատել են Հարությունի նախկին ընկերուհիները: Ագրեսիվ ու քինոտ բնավորությունը նույնպես հաստատված է համարում որոշ վկաների ցուցմունքներով:

Գործով, ըստ մեղադրողի, հաստատվել է, որ 2012 թվականի մարտից Հարությունը հետևել է Կարեն Եսայանին:

Մեղադրողը կոչ արեց լսել Ռազմիկ Եսայանի դատաքննական ցուցմունքը՝ նույնպես նրան բնութագրելով որպես «շատ պարկեշտ անձնավորություն», ով ասել է ճշմարտությունը:

Մեղադրողը վկայակոչեց ավտոլվացման կետի տեսախցիկների կողմից տեսանկարահանված նյութերը, որոնցով երևում է Եսայանին հետևող մեքենան, որից իջել է գլխարկով մեկը: Հարությունը տևական ժամանակ դանդաղ քայլել է ավտոլվացման կետի դիմաց: Կարեն Եսայանի՝ ուրիշ մեքենայով հեռանալուց հետո Հարություն Սարգսյանը արագ նստել է իր մեքենան ու գնացել Եսայանին տարած մեքենայի հետևից: Որ հետևող մեքենայի վարորդը Հարությունն է եղել, ըստ մեղադրողի, հաստատել են մի շարք վկաներ:

Նախկին ընկերուհին, օրինակ, Հարությունին ճանաչել է քայլվածքի յուրահատկությունից: Սարգսյանը քայլքի զգալի խանգարում ունի, որի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից: Դատարանում ընկերուհին փոխել է ցուցմունքը, նա նպատակ է ունեցել Հարությունին ազատել քրեական պատասխանատվությունից:

Սարգսյանը, ըստ մեղադրողի, ամեն մանրուք հաշվի է առել, բացի մեկից՝ ավտոլվացման կետի տեսանկարահանող սարքերից, որոնք տեղադրվել են դեպքից առաջ, նույնիսկ աշխատողներից ոմանք չեն իմացել դրա մասին:

Դեպքի օրը անձրև չի եղել, ըստ մեղադրողի, անձրև եղել է նախորդ օրը:

Լուսինե Սահակյանն այս նախադասությունից հետո զարմանքը բուռն արտահայտեց: Մեղադրողն ասաց, թե պաշտպանի շատ ասածներից էլ ինքն է զարմացել, բայց հարգելով դատարանին՝ ձայն չի հանել:

Պաշտպանի զգացմունքային պոռթկումը ազդեց նաև ամբաստանյալի հարազատների վրա, հնչեցին վիրավորանքներ մեղադրողի հասցեին:

Դատարանը սանկցիա կիրառեց ու դահլիճից հեռացրեց Հարություն Սարգսյանի մորը: Հարությունը ներողություն խնդրեց ծնողների փոխարեն: Պաշտպան Լուսինե Սահակյանը դուրս եկավ դահլիճից, որ չլսի մեղադրողի խոսքը:

Ըստ մեղադրողի՝ Հարություն Սարգսյանը դեպքի օրը հողոտ տեղ՝ եղել է միայն դեպքի վայրում,մնացած վայրերը ասֆալտապատ են եղել, դրա համար էլ նրա կոշիկների տակ հենց «Մայր Հայաստանի» տեղանքի հողն է մնացել:

Պաշտպանական կողմը միջնորդել է առանց մեղադրանքի կողմի վկա լսել: Նման միջնորդությունը ինչպե՞ս չմերժեր դատարանը, պետք չի տպավորություն ստեղծել, թե դատարանը «սադիստական» վերաբերմունք է դրսևորել պաշտպանական կողմի բոլոր միջնորդություններին՝ ասաց մեղադրողը:

Առնետներին որսորդական հրացանով կրակելը առաջին ատյանի դատարանում նույնիսկ ծիծաղ է առաջացրել՝ ըստ մեղադրողի, փակ տարածքում կրակոցով առնետ սպանելը նա հավանական չհամարեց:

Ապացույցների համակցությամբ մեղադրողը հաստատված գնահատեց Հարություն Սարգսյանի մեղքը մեղսագրված արարքներում, դատավճիռը գնահատեց որպես օրինական ու հիմնավոր, միջնորդեց այն թողնել անփոփոխ:

Դատարանը մեղադրողի՝ համեմատաբար հակիրճ ելույթից հետո առաջարկեց հաջորդ դատական նիստին գրավոր ներկայացնել պաշտպանական կողմի բարձրացրած բազում հարցադրումների պատասխանները, որոնք դատարանը նույնպես ցանկանում է պարզաբանված տեսնել:

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում