«Մենք ունենք այն մոտեցումները, որ Հայաստանում լուծումները նախկին նախագահներից դուրս են լինելու․ սա ընդունված մոտեցում է «Ժառանգությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ առանձնահատուկ ոչինչ չկա այդ հարցազրույցում, նախկին նախագահը պարզապես իր մոտեցումներն է արտահայտել․ «Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե քառյակն ու Ռոբերտ Քոչարյանը միասնական են, ես հասկանում եմ, որ իշխանությունը գովերգողներին պետք է նման կապ ստեղծել, որ խոցելի դարձնեն չորսի համագործակցությունը խորհրդարանում, բայց ես չեմ, որ այդ կապը գոյություն ունի»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
Հետաքրքվեցինք, թե հնարավո՞ր է այս անգամ էլ հանուն ընդհանուր գաղափարի՝ զիջումներ արվեն, և իրենք էլ համաձայնություն հայտնեն համագործակցել Ռ․Քոչարյանի հետ, ինչպես այդ մասին արդեն ասել է ԲՀԿ-ն: Ի պատասխան՝ Ա․Մարտիրոսյանն ասաց․ «Չեմ կարծում, դրա մասին չէ մեր պայքարը, մենք անձերի վերաբերյալ չենք պայքարում, բոլորս պայքարում ենք երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար: Հնարավոր է, որ ինչ-որ հարցերի շուրջ մենք արմատական մոտեցումներ ունենանք, բայց ես չեմ կարծում, որ դրանք հնարավոր չէ ժամանակի ընթացքում դրանք մեկտեղել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե պառակտում չի՞ լինի քառյակում, եթե մի մասը որոշի համագործակցել Քոչարյանի հետ, իսկ մյուս մասն էլ դեմ լինի դրան, Արմեն Մարտիրոսյանը պատասխանց․ «Այդ խնդիրն արհեստականորեն է շրջանառության մեջ դրվում, առավել ևս՝ Ռ․Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ուղերձ է հղել, որ իշխանության մեծ ձգտումներ չունի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: