«Լավ է, որ նախկին նախագահն անդրադառնում է հրատապ խնդիրներին, և ընդհանրապես նախկին պաշտոնյաները պաշտոնաթող լինելուց հետո չպետք է դառնան ոչ քաղաքացի: Բայց Հայաստանի համար կարևորը մեր ինքնիշխանության հարցն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Արշակյանի կարծիքով՝ նախագահները հենց դրա մասին պետք է խոսեն. «Պետք է պաշտպանեն ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը, և ես հիասթափված եմ երկու կետով՝ առաջինը, որ նրանք միասին հանդես չեկան ու այդ հարցով մեր ժողովրդին չդիմեցին: Բայց երկու նախկին նախագահները որոշեցին սիրաշահել, հաճոյանալ ժողովրդին: Եթե մտածում էիք ժողովրդի մասին, 20 տարի իշխանությունում էիք, անեիք: Ձեր ստեղծած երկրում է, որ մեկն իմ տան դիմաց կարմիր գիծ է գծում»,- ասաց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քառյակն ու Քոչարյանը մի բանով շաղկապված են. «Նրանք երկուսն էլ հայտ են ներկայացնում, ուզում են իշխանություն, աթոռ, պաշտոն, վայելք, բայց ժողովրդից չեն ուզում: Մեր երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ նրանք մեզ չեն դիմում, գիտեն, որ մենք չենք տալու իշխանություն, դրա համար դիմում են նրան, ումից որ մի անգամ ստացել են իշխանություն: Ասում են՝ մենք ավելի լավ կհանձնվենք, մենք ավելի լավ հանձնվող ենք, մենք ավելի էժան ու լավ կտանք հայրենիքը, տնտեսությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: