Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում նախընտրական կրքերը թեժացել են: Մարտի 20-ին այստեղ կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու են երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ Արթուր Հովհաննիսյանն ու ԲՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Փարամազյանը:
Ըստ ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի տարածած հաղորդագրության` իրենց համակիրներից պետական պաշտոնյաները հավաքում են անձնագրերը, ասում, որ տալու են կիրակի օրը:
Ավելին, գյուղից, մեղմ ասած, առևանգել են ընտրողներից մեկին՝ Գրիշա Բեգլարյանին: Վերջինիս առևանգել-թաքցրել է նրա եղբոր տղան՝ Կապանի թիվ 3 դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը: Ընտրողը միայն հասցրել է մեքենայի պատուհանից համագյուղացիներին ասել, որ իրեն պարտադրել են քվեարկել գործող գոյւղապետի օգտին, բայց չի ուզում:
Սա, թերևս, պատճառ է դարձել, որ մարդուն թաքցնեն:
ԲՀԿ-ի Կապանի տարածքային կառույցում համոզված են, որ տնօրենի վրա ճնշումներ եղել են, ինչն էլ նրան դրդել է նման քայլի: Սակայն ԲՀԿ-ականները տնօրենին զանգահարել ու զգուշացրել են, որ «քվեարկության օրը ընտրողը պետք է գյուղում լինի»։
Հենց նոր տեղեկացրին, որ առևանգվածը որդու տանն է, բայց նրանից վերցրել են անձնագիրը: