«Իսկ ինչո՞ւ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանը մոտենար Րաֆֆի Հովհաննիսյանին: Որպես քաղաքական գործոն` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շատ ավելի ցածր էր, քան Ազատության հրապարակ մտնելը: Ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող Օպերայի հրապարակը բացելը և Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը տարբեր արժեքներ են, դրանք տարբեր գին ունեն և համեմատելի չեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` հավելելով, որ երեք տարվա պայքարը մի բան է, և մեկ այլ բան է գոյություն չունեցող կուսակցության ղեկավարի հացադուլը:
Բադալյանի գնահատմամբ, Ազատության հրապարակի նվաճման արժեքը շատ ավելի բարձր էր և Րաֆֆի Հովհաննիսյանին կարելի է մոտենալ և՛ այսօր, և՛ վաղը` երեկվա մոտենալով ոչինչ չէր փոխվի:
Քաղտեխնոլոգը նաև նշեց, թե իր համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի տրամաբանությունը. «Հացադուլը քաղաքական ակցիա է, որը կատարվում է որոշակի պահի որոշակի խնդիրներ բարձրացնելու համար: Ես չեմ հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր առջև ի՞նչ խնդիր է դրել: Եթե նա հակասահմանադրական է համարում կոալիցիոն համաձայնագիրը, ապա դա ամենևին էլ այդպես չէ, եթե նրա նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ապա դա ևս անիմաստ է, եթե ԱԺ-ն ինչ-որ կարևոր որոշում պիտի ընդունի և դրա դեմ է կատարվում հացադուլը, դա ևս անտրամաբանական է»:
Արմեն Բադալյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ունի զուտ PR նպատակ` գտնվելու լրագրողների ուշադրության կենտրոնում, որպեսզի նրա անունը նորից լրատվադաշտում պտտվի: