Աֆրիկյանների տան ապամոնտաժումն այսօր սկսել էին վաղ առավոտից, սակայն Աֆրիկյանների տան համար պայքարող ակտիվիստները կարողացան կանխել սկսված ապամոնտաժումը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը անձամբ էր մտել տարածք և լուսանկարներ արել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Պարոն Աբրահամյան, Գառնու և Զվարթնոցի տաճարների հետ կապված վերջին սկանդալային պատմությունների առթիվ սաստեցիք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և կարծես հարցը լուծվեց, բայց այս շենքը պահպանվում է 2008-ին Հայաստանի կողմից վավերացված եվրոպական կոնվենցիայի համապատասխան կետով, որով արգելվում են մշակութային ժառանգությունը տեղափոխելու գործողությունները. եթե չգիտեք, ապա իմացեք, և Հասմիկ Պողոսյանին ասեք՝ ինչպես, ինչ իրավունքով, ով է քեզ թույլ տվել միջազգային կոնվենցիան զանց առնել»:
Անահիտ Բախշյանը հավելեց. «Չեք սիրում երկիրը՝ հասկացանք, բայց օրենքը ուզեք թե չուզեք պետք է ընդունեք:
Վեց տարեկան Անահիտը՝ մոր և չորսամյա եղբոր հետ եկել է պաշտպանելու Աֆրիկյանների տան շենքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ ուզում են քանդեն շենքը, որ իրենց պատմությունը վերացնեն, սա շատ վաղուցվա, հին շենք է:
Աֆրիկյանների տան մոտ էր եկել նաև Մշակույթի նախարարության աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ապօրինի է ապամոնտաժումը, որ նախարարությունը չի տվել դրա թույլտվությունը: Մինչդեռ ներկայացրին քաղաքապետի որոշումը, որ պետք է ապամոնտաժել: Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարության աշխատակիցը նշեց, որ ապամոնտաժումն ապօրինի է, ինչից հետո այն դադարեցվեց: Իսկ ակտիվիստները դիմեցին ոստիկաններին. «Դուք առավոտից պաշտպանում էիք ապօրինությունը»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: