ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունքն արդարացված չի համարում: «Որ մեր ժամանակ էլ էս կուտակայինը լիներ, հիմա նորմալ թոշակ կստանայինք, ոչ թե ծիծաղելի գումար, որ տալիս են մեր երեսուն – քառասուն տարվա աշխատանքի համար», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հարությունյանը՝ հավելելով, թե ընդհանրապես չի հասկանում` ինչու են դեմ:
Նրա խոսքով՝ ոչ թե դեմ են կուտակայինին, այլ չեն հավատում, դրանք տարբեր բաներ են, դա էլ դառը փորձից է գալիս: «Բայց կուտակայինն ինչ վատ ա, որ նորմալ մարդիկ իմ տարիքին հասնեն և նորմալ թոշակ ստանան, եթե ամեն ինչ նորմալ լինի, քսանհինգ տարի հետո աշխատած մարդը ստանում ա նորմալ, արժանապատիվ աշխատանք, վա՞տ ա»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ ոչ թե գաղափարախոսությունն է սխալ, այլ ինչ-որ անվստահություն կա՝ նկատելով, թե այլ հարց է՝ պահանջել, որ աշխատավարձերը պետք է պահանջեն, որ բարձրացնեն:
Հարցին՝ արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն իրեն մտահոգում է, նա համաձայնեց, որ իրոք բացասական է դա, և դա մտահոգում է ոչ միայն իրեն, այլև բոլոր քաղաքացիներին: «Իհարկե, շատ վատ է, ինչու մենակ էլեկտրաէներգիան, գազը թանկացրին, դա արդեն բացասական է, չկա մի մարդ, ում վրա բացասաբար չանդրադառնա, հո ես չեմ կարող ասել, որ հա, շատ դրական է, հլը պիտի մի 14 դրամով բարձրանա»,- ասաց նա:
Հարությունյանը կարծիք հայտնեց, թե էլեկտրաէներգիայի թանկացման մեղավորը հենց տնտեսվարող սուբյեկտն է, ով հավանաբար ճիշտ չի համակարգում իր աշխատանքները, կառավարման համակարգը էֆեկտիվ չէ: Դիտարկմանը՝ ժամանակին, երբ բոլոր լծակները տալիս էին այդ սուբյեկտին, չէին մտածու՞մ նման հեռանկարի մասին, նա պատասխանեց. «Էդ ժամանակ նենց խոստումներ են տալիս, որ կարծում ես՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետև խոստումներ են, չէ՞, տալիս: Էդ խոստումներն իրենք ուղղակի չկատարեցին, էդ չորս դրամը շոշափելի բարձրացում է»: