«Մենք գործարարներին հանելու խնդիր չունենք: Մեր արդյունքները կգրանցենք հուլիսի 1-ից: Տասնօրյակը մեկ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է տալու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա, հարկերը, վճարումներն ավելացել են, թե ոչ: Մենք լինելու ենք հետևողական և անպայման մեր պայմանավորվածությունները կառավարությունը պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունը խախտել, մենք շատ կոշտ դիրքորոշում կցուցաբերենք»,- այսօր «Դիջիթեք» բիզնես-ֆորումից հետո ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե այս ընթացքում իրենց քանի՞ գործարարի է հաջողվել դուրս բերել ստվերից:
Հիշեցնենք, որ գործարարների հետ մայիսին տեղի ունեցած հավաքից հետո Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ մինչև հուլիսի 1-ը ժամանակ է տվել գործարարներին, որպեսզի դուրս գան ստվերից:
Մենք վարչապետից հետաքրքրվեցինք նաև իր երկու փեսաներին բարձր պաշտոններում տեղավորելուց: Երբ ասում էիք, թե ձեր մտերիմներից եք սկսելու, սա՞ նկատի ունեիք՝ հարցրինք Հովիկ Աբրահամյանին: «Եթե դուք այդպես եք մտածում, այդպես եք ընկալում, ապա ես՝ ոչ»,- եղավ պատասխանը:
Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև պարտադիր կուտակային օրենքի նոր նախագծին: Վարչապետի խոսքով՝ իրենք հուլիսի 1-ից միջինը 40 տոկոսով բարձրացրել են պետական աշխատողների աշխատավարձը, իսկ մասնավոր սեկտորի համար նպատակային սոցիալական նպատակային վճար են սահմանել, որը, նրա խոսքով, ճիշտ քայլ է:
Ինչ վերաբերում է քառյակի 12 կետերին, ապա, ըստ վարչապետի, ցանկացած ողջամիտ առաջարկություն իրենց կողմից ընդունվելու է, իսկ այդ 12 կետերի մեծ մասը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, արտացոլված է կառավարության ծրագրում: «Մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում այդ կետերը, կարևորը, որ մենք կատարենք գործ, որը մեր տնտեսությունը կզարգացնի և կստեղծի հավասար պայմաններ մեր բոլոր հարկատուների համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյությում