«Բոլոր սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է տնտեսության զարգացման մեջ. և՛ պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, և՛ արտահանմանը միտված տնտեսական նոր քաղաքականությունը, և՛ գյուղի նկատմամբ նոր մոտեցումները, բոլորն ունեն մեկ նպատակ՝ ապահովել ավելի բարձր տնտեսական մրցակցային իրավիճակ Հայաստանում, և որ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումներով ապահովելու իրենց իսկ տնտեսական վիճակի բարելավումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ արտագաղթի ներկայիս մակարդակի հետևանքները հաշվի առնվե՞լ են 2013թ. բյուջեի նախագծում, և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ:
Մեր դիտարկմանը, թե արտագաղթի հետևանքով կփոխվեն սպառման ծավալները, Գ. Մինասյանը նկատեց` ըստ էության, այն ապրանքները, որ արտադրվում են շուկայական տնտեսության մեջ, պետք է սպառվեն, այլապես տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի անբարենպաստ իրավիճակում և կկորցնի իր մրցակցային առավելությունները:
Գ. Մինասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ներկայացրել է հարկային օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որի քննարկումները կսկսվեն ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ժամանակ: Այդ փոփոխություններով նախատեսվում է ներդնել շրջանառության հարկ մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար, որը որևէ բարդ հաշվարկ չի ենթադրում, պարզեցվելու են տնտեսվարողների նկատմամբ պահանջները, մասնավորապես` հաշվապահ ունենալու պահանջը: Ըստ Մինասյանի՝ սա չափազանց մեծ խանդավառությամբ է ընդունվում ՓՄՁ-ների կողմից:
Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է խթանել աշխատատեղերը. յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ աշխատատեղերի խթանման առաջարկի դեպքում այն ներկայացնում է կառավարություն և հավանության դեպքում նվազ շահութահարկ է մուծելու հաջորդ 3 տարիներին: 2014թ.-ից արդեն նոր օրենսդրությունը կդադարեցնի շահութահարկի գանձման օրենսդրական նորմը, որը, Մինասյանի հավաստմամբ, չափազանց դրական է գնահատվում տնտեսվարողների կողմից:
Մինասյանի խոսքով` աշխարհում ներդրումային ծավալները դեռ չեն հասել նախաճգնաժամային իրավիճակին, սակայն գործարար միջավայրի բարելավման արդյունքում գալիք տարում ՀՀ-ում ներդրումները շատ ավելի բարձր կլինեն, քան այս տարի:










































