Ռուսական «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, երեկ Մոսկվա է ժամանել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթանբաևը, որի այցի հիմնական նպատակը իր երկրում նոր հեղափոխության կանխարգելումն է:
Այսօր նա կհանդիպի իր ռուս կոլեգա Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների հիմնական թեման Մոսկվայի կողմից Ղրղզստան մատակարարվող վառելիքաքսուկային նյութերի (ՎՔՆ) գներն են, ինչից շատ բան է կախված` հաշվի առնելով, որ առաջիկայում ցանքսի սեզոնն է բացվում:
ՎՔՆ-ի արժեքի շուրջ երկու երկրների միջև պայմանավորվածություններ կան, սակայն փետրվարի 16-ին Մոսկվան բարձրացրել է մաքսային տուրքերն, ինչի արդյունքում Ղրղզստանում ՎՔՆ-ի գները արդեն բարձրացել են 2 տոկոսով:
Եթե առաջիկայում մաքսային տուրքերի շուրջ համաձայնություններ ձեռք չբերվեն, ապա ցանքսի շրջանում դրանց գինը էլ ավելի կավելանա` հասնելով մինչև 40-50 սոմի (24-30 ռուբլի):
Ղրղզստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ցանքսի սեզոնը սկսելու համար անհրաժեշտ է 40 հազար տոննա դիզվառելիք, սակայն իրենք ունեն ընդամենը 12 հազար տոննա:
Ղրղզստանում կարծում են, որ եթե Մոսկվայում բանակցություններն անարդյունավետ անցնեն, և գների փոփոխություն տեղի չունենա, ապա ապրիլ ամսին երկրին սոցիալական պայթյուն է սպասվում: