Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով, մարտի 1-ի հանրահավաքից հետո երեկվա հանրահավաքից ընդդիմադիր դաշտի սպասելիքները շատ էին, և, մեծ հաշվով, այդ սպասելիքները արդարացան:
«Հանրահավաքը շատ մարդաշատ էր, թվերի հետևից չընկնենք, բայց պատկառելի քանակությամբ մարդիկ էին եկել, և երևի թե 2003 թվից հետո Մատենադարանի մոտ այդքան մարդ չէր հավաքվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Արզումանյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակի նվաճումն ու այնտեղ հանրահավաք անցկացնելը ևս խորհրդանշական էր:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ նշեց, որ վաղ թե ուշ Ազատության հրապարակը պետք է նմանատիպ հանրահավաքների տեղ դառնար, և այդ ժամանակը եկավ հենց երեկվա հանրահավաքով:
Դավթյանը նաև նշեց, որ ինքը չի հասկանում թե ինչ է նշանակում այս պարագայում «վերանվաճում» բառը. «2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը թույլ չտալն է պատճառը, որ զերծ էին պահում Ազատության հրապարակը հանրահավաքներից»: