Սիրիական բանակը կարողացել է իր վերահսկողություն տակ վերցնել Քեսաբ գյուղաքաղաքը` ոչնչացնելով տասնյակ զինյալների: Քեսաբահայերն արդեն պատրաստվում են վերադառնալ հայրենի Քեսաբ: «Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ: Վերջինս, խոսելով Քեսաբից զինյալների դուրս գալու մասին, ուրախությամբ նշեց. «Երեկ ելան, այո»:
Չափարյանը նշեց, որ այժմ պատրաստվում են վերադառնալ: «Հիմա ջուրն ու էլեկտրականությունը պիտի պետությունը վերականգնի, որ ապահով լինենք այդ կողմից»,- ասաց նա: Քաղաքապետն ասաց, որ Քեսաբ պատրաստվում են վերադառնալ առաջիկա մի քանի օրերին: «Այս քանի օրը արդեն կտեղափոխվենք: Եկեղեցիներն այրել են, տները քանդել են, ինչ անենք, «Փառք Աստծո» պիտի ասենք»,- նշեց նա:
Թուրք-սիրիական սահմանամերձ Քեսաբ գյուղաքաղաքի վրա թուրք զինյալները հարձակվել են մարտի 21-ին: Տեղի հայությունը լքել է իր տները, որոնք բռնագրավվել են զինյալների կողմից: Քեսաբահայերի հիմնական մասը հաստատվել էր Լաթաքիայում: