Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և պայմանավորվել գործողությունների հետագա կոորդինացման հարցի շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Խոսակցությունը նախաձեռնել էր թուրքական կողմը:
Քննարկվել են նաև համագործակցության ակտուալ հարցերը Համագործակցության խորհրդի տեղի ունենալիք նիստի շրջանակներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի բանակը Գազայի հատվածում ռազմական գործողություն է իրականացնում, որն ուղղված է զինյալների և նրանց ենթակառուցվածքների ոչնչացմանը: Վերջին տվյալներով` ռազմական գործողությունների հետևանքով մահացել են 28 պաղեստինցի և 3 իսրայելցի: Ավելի վաղ Թուրքիան քննադատել է Գազայի հատվածում տեղի ունեցողը: Ռուսաստանը նույնպես այս առիթով անհանգստություն է հայտնել:








































