Նոյեմբերի 16-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, Դարբնիկ համայնքի համայնքապետ Ազատ Խաչատրյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ժապավեն կտրելու հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվել է Դարբնիկի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտը:
Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագիրը տրամադրել է 245,000 ԱՄՆ դոլար, որի շրջանակում ներկվել են շենքի պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կոյուղու համակարգը, նաև վերանորոգվել է տանիքը: Ծրագրի վերահսկողությունը իրականացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից, իսկ աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից:
Դարբնիկ համայնքում հանգրվանել են մեծ թվով էթնիկ հայ փախստականներ Իրաքից և Ադրբեջանից: Այս կենտրոնը ծառայելու է, որպես համայնքի բնակչության կենտրոնական հավաքատեղի` տրամադրելով առողջապահական ծառայություններ և տարածք` հասարակական միջոցառումների համար: