Ինչու Ռուսաստանը, պետք է մտածենք՝ ինչու այլ երկրները չեն աջակցում: Այս մասին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման շրջանակում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նախիջևանի կրակոցներին և հարցին, թե ինչու ՌԴ-ն չի արձագանքում այդ սպառնալիքին: Նա նշեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկիր է, և այնտեղ որոշումները կայացվում են կոլեկտիվ կերպով:
«Ինչո՞ւ Ռուսաստանը: Պետք է մտածենք, որ ուրիշ երկրներն էլ ինչո՞ւ չեն աջակցում: Ցավում եմ, որ խնդիրը առաջադրվում է այդ կերպ: ԼՂ հիմնահարցը գիտենք՝ մեզ համար ինչ խնդիր է: Այստեղ առաջնայինը մեր դիրքորոշումը պետք է լինի. ինչ արեցինք, որ մյուսները մեզ հետ լինեն այդ հարցում: Բացի դրանից՝ կան Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնց շրջանակում է դա գտնվում: Դա նրանց կողմից պետք է արվեր: Եթե չի արվում, ուրեմն նույն ՌԴ-ին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին պետք է դիմել, ԱԳՆ-ն դա պետք է անի և հարց բարձրացնի, թե ինչու համապատասխան արձագանք չեն տալիս»,- մեկնաբանեց Արամ Սարգսյանը: