Երեկ ԱՄՆ-ում կայացան խորհրդարանական միջանկյալ ընտրություններ: Ինչպես եւ կանխատեսվում էր, Հանրապետական կուսակցությունը զգալի ամրապնդել է իր դիրքերը թե Սենատում, թե ներկայացուցիչների պալատում: Բայց եթե Սենատում նրանք կրճատել են ձայների տարբերությունը, բայց չեն կարողացել առաջ անցնել դեմոկրատներից (լուրը գրելու պահին, CNN-ի տվյալներով, դեմոկրատներն ունեին 51, իսկ հանրապետականները` 46 տեղ), ապա Ներկայացուցիչների պալատում հանրապետականները տարել են վստահ հաղթանակ` 231-169 հարաբերակցությամբ:
Դեմոկրատները նաեւ կորցնում են պարզ մեծամասնությունը նահանգապետերի քանակով: The Washington Post-ի` այս պահին հաղորդած տվյալներով, 50 նահանգից 26-ում հանրապետականներն ունեն իրենց նահանգապետերը: Սա կարեւոր է այն առումով, որ տեղական իշխանությունները բավական շատ լիազորություններ ունեն, եւ 2012թ. նախագահական ընտրությունների տեսակետից Հանրապետական կուսակցությունը որոշակի առավելություն է ստանում:
Այս ընտրություններում գրանցվել է ևս մեկ անակնկալ: Մի քանի նահանգներում հաղթել են «Թեյի» կուսակցության անդամները: Կուսակցության անվանումը կապված է 1773թ. դեպքերի հետ, երբ տեղացիները բողոքել են Անգլիայի կողմից թեյի վաճառքից ստացվող հարոկերը բարձրացնելու հետ: Այժմ «թեյ խմողները» բողոքում են ԱՄՆ-ում 21-րդ դարում բարձրացվող հարկերի հետ:
Վերջնական արդյունքները պարզ կդառնան այսօր ավելի ուշ: