Երևան-Էջմիածին ճանապարհին գտնվող Փարաքար գյուղի մի քանի թաղամասեր 20 տարի շարունակ ամռան սեզոնին զրկված են խմելու ջրից: Գյուղի մի շարք բնակիչներ՝ տարաները, դույլերն առած, ջուր են կրում գյուղի մյուս ծայրից կամ հարակից գյուղերից:
Բանն այն է, որ գյուղում առկա է նաև ոռոգման ջրի խնդիր: Գյուղացիների խոսքով՝ ոռոգման ջուրը օգտագործման համար ոչ պիտանի է, կեղտոտ է և պարունակում է տարբեր վարակներ: Հետևաբար գյուղացիները այգիները, բոստանը ոռոգում են խմելու ջրով, ինչի պատճառով էլ գյուղի մի քանի թաղամասեր խմելու ջուր չի հասնում:
«Էս խնդիրը չի լուծվում, ամեն տարի նույն պատմությունն ա: Ես հեսա կգնամ թոշակի ու ինչ հիշում եմ՝ էս խնդիրը կա: Գյուղապետին դիմում ենք, ասում է՝ զանգեք «Երևան Ջուր», զանգում ենք «Երևան Ջուր», ասում են՝ մենք նորմալ գրաֆիկով, նորմալ ճնշումով տալիս ենք ջուրը, մեզ մոտ խնդիր չկա: Այ, սենց վիճակում ենք հայտնվել»,- դժգոհեց փարաքարցիներից մեկը:
«Ոռոգման ջուր չկա, մարդիկ խմելու ջրով ջերմոցն են ջրում, բակն են ջրում, դրա համար էլ ճնշումը թուլանում ա, ու մենք ջուր չենք ունենում: էս ա խնդիրը»,- ասաց նա:
Բացի այդ, փարաքարցիների խոսքով՝ Թաիրով թաղամասում գտնվող ռեստորանների, հյուրանոցների սեփականատերերը օրը մի քանի անգամ իրենց լողավազաններն են լցնում, ինչը ևս ազդում է խմելու ջրի վրա:
Խնդրի չլուծման դեպքում Փարաքարի բնակիչները պատրաստվում են առաջիկայում փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհը: «Գոնե դրանից հետո կլսեն մեր խնդիրը, մեր պահանջը»,- կարծում են նրանք: