2011 թվականի մարտի 15-ից` ժամը 16.00-ից, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից:
Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները հացադուլավոր անձի համար վրանի տեղադրման փորձը բռնի ուժով արգելել են: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյան էլ հայտարարել է, որ թույլ չի տալու տեղադրել վրանը:
Այժմ ոստիկանների թիվը գնալով ավելանում է, եւ նրանք փակել են Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն