Ադրբեջանական АПА լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական MKEK ընկերությունը շահագրգռված է ականազերծման ոլորտում օգտվելու ադրբեջանական փորձից: Այս մասին հայտարարել է ընկերության վաճառքի ու արտահանման բաժնի պետ Աքիֆ Աքգյուլը.
«Փետրվարին մեր պատվիրակությունը ժամանեց Ադրբեջան և մասնակցեց 25-օրյա զորավարժություններին: Մենք մտադիր ենք զորավարժությունների շարունակման համար Ադրբեջան ուղարկել ևս մեկ պատվիրակություն:
Ադրբեջանը մեծ փորձ ունի տվյալ ոլորտում: Չնայած նրան, որ մենք այլ երկրներից բազմաթիվ առաջարկներ ունեինք, մենք նախապատվությունը տվեցինք հենց Ադրբեջանին:
Շուտով թուրք-սիրիական սահմանին կսկսվեն ականազերծման աշխատանքներ: Մենք պլանավորում ենք մասնակցել այդ նախագծին` օգտվելով Ադրբեջանում ստացած մեր փորձից: Մենք նաև մտադիր ենք համագործակցելու Բոսնիա-Հերցեգովինայի հետ, որն այս ոլորտում նույնպես մեծ փորձ ունի»:
Հիշեցնենք, որ 1990-ական թվականների վերջերին Թուրքիան ու Սիրիան գտնվում էին պատերազմի նախաշեմին, քանի որ վերջինս ակնհայտորեն օժանդակում էր Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:
Մինչդեռ այժմ «չափավոր իսլամիստ» Էրդողանի նոր մերձավորարևելյան քաղաքականության արդյունքում բավականին ջերմացել են թուրք-սիրիական հարաբերությունները, և Սիրիան զերծ է մնում PKK-ին օժանդակելուց: