Թուրքական Cihan լրատվական գործակալության հաղորդմամբ, Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող անավարտ հուշարձանը, այնուամենայնիվ, քանդվելու է:
Այդպիսի վճիռ է կայացրել Էրզրումի 1-ին շրջանային դատարանը, որը սրանից առաջ Կարսի հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյի փաստաբանների միջնորդությամբ անորոշ ժամկետով կասեցրել էր հուշարձանի քանդման գործընթացը:
Եվ ահա Կարսի քաղաքապետարանի բողոքներից հետո Էրզրումի դատարանը վճռել է չեղյալ հայտարարել հուշարձանի ապամոնտաժման գործընթացի հետաձգման շուրջ իր կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին Կարս այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանն այդ հուշարձանն անվանեց «անճոռնի» և հրահանգեց ապամոնտաժել այն:
Ի դեպ, Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, որի օրոք էլ կառուցվել է հուշարձանը, վերջերս հայտարարեց, որ հուշարձանի ապամոնտաժման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: