Այսօր հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:
Հանձնարարվել է ուսումնասիրել 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման հետ կապված խնդիրները և ներկայացնել նախնական նախահաշիվ՝ ֆինանսական գնահատականով:
Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է աշնանային տերևաթափի մաքրման աշխատանքներն իրականացնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ներառելով նաև բակային տարածքները: Հանձնարարվել է նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմին համապատասխան աշխատանքներում ներգրավել նաև տնտեսվարողներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները: