Ռուսական РИА Новости լրատվական-վերլուծական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին է նվիրել ուղիղ 90 տարի առաջ` 1921 թվականի մարտի 16-ին, կնքված Մոսկվայի պայմանագրի պատճենը, ինչպես նաև այդ տարելիցի կապակցությամբ թուրքական իշխանությունների պատրաստած դրոշմանիշը:
Էրդողանը հիշեցրել է, որ 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց «երիտասարդ Թուրքիայի Հանրապետությունը» և երաշխավորեց համատեղ սահմանների անխախտությունը. «Մարտի 16-ը շատ կարևոր ամսաթիվ է, 90 տարի առաջ այս օրը Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրեցին «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագիրը: Այդ փաստաթուղթը շրջադարձային կետ հանդիսացավ մեր պատմության համար: Մոսկովյան պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևելյան սահմանները: Այդ պայմանագրով դրվեց մեր բարեկամության ու գործընկերության հիմքը: Այն «միավորեց» մեր երկու ժողովուրդներին և հիմք ծառայեց մեր ընդհանուր հայացքների համար, որոնք հետագայում «միայն» ամրապնդվեցին»:
Այստեղ Էրդողանին պետք է հիշեցնել, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է միայն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին: Այսինքն` հայ ժողովրդի համար չարաբաստիկ Մոսկվայի պայմանագրի կնքման ժամանակ քեմալական Թուրքիան, ինչպես նաև բոլշևիկյան Ռուսաստանը չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտներ, ինչը խոսում է միջազգային իրավունքի տեսանկյունից Մոսկվայի պայմանագրի ապօրինության մասին:
Էրդողանի վերոնշյալ քայլն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ բոլորովին էլ պատահականորեն ընտրված չի եղել մոսկովյան այցի ժամկետը: Եվ ինչպես 90 տարի առաջ, այնպես էլ հիմա հայ ժողովրդի համար ռուս և թուրք առաջնորդների հանդիպումը ոչ մի լավ բան չի խոստանում: