Այս տարի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կրկին հանդես կգա Երևանում: Այդ մասին, ըստ Արմինֆոյի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Դոմինգոյից բացի, համերգին կմասնակցեն Յուրի Բաշմետը, ինչպես նաև այլ ոչ պակաս հայտնի երաժիշտներ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ երևանյան բեմում հանդես է եկել անցած տարվա դեկտեմբերին, ինչից հետո Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակցին, այնուհետև հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Թերևս այս անգամ հայ պաշտոնյաները երկար մտածեն հրապարակում տեղի ունենալիք միջոցառմանը մասնակցելուց կամ այնտեղ իրենց կանանց գործուղելուց առաջ: