Ադրբեջանական Trend.az լրատվական կայքը, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, նշում է, որ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի վերջում Թուրքիան ու Ռուսաստանը նոտաներ են փոխանակել իրենց քաղաքացիների փոխադարձ այցելության պայմանների շուրջ:
Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է. «Շատ կարևոր է, որ ռուս-թուրքական կապերը չսահմանափակվեն միայն տնտեսական ոլորտով, մեր միջև առկա է զբոսաշրջիկների վիթխարի քանակի փոխանակում, և տվյալ խնդրի շուրջ մեր ստորագրած փաստաթուղթը փաստացի ճանապարհ կհարթի վիզային ռեժիմի վերացման համար»:
Նշվում է, որ մոտ ապագայում իսպառ կվերացվի երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմը: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն կնքված համապատասխան համաձայնագրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի մոսկովյան այցի նախօրեին Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ վիզային ռեժիմի վերացումը տեղի կունենա ապրիլին:
Թուրքական կողմի ակնկալմամբ` այս տարի 30 տոկոսով աճելու է Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվաքանակը, ինչին անպայման նպաստելու է արաբական աշխարհում (և հատկապես Եգիպտոսում) տիրող քաղաքական անկայուն իրավիճակը: