Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Էրիկ Բեսոնը հայտարարել է, որ Ճապոնիայի իշխանությունները կորցնում են վերահսկողությունը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի նկատմամբ, չնայած ճապոնացիները դա չեն ցանկանում ընդունել: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Եկե՛ք ջուր չծեծենք. ակնհայտ է, որ նրանք կորցնում են վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ: Ամեն դեպքում սա մեր վերլուծությունն է, և այն չէ, ինչ ասում են իրենք ճապոնացիները»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նատալի Կոսյուշկո-Մորիզեն Ճապոնիայում ստեղծված իրավիճակն «աղետ» է գնահատել և հայտարարել, որ Ճապոնիայից եկող տեղեկությունները լավատեսություն չեն ներշնչում: Նա խորհուրդ է տվել Ֆրանսիայի քաղաքացիներին լքել այդ երկիրը կամ տեղափոխվել հարավային շրջաններ, որոնք չեն տուժել ռադիոակտիվ նյութերից, չնայած Ֆրանսիայի կառավարությունը այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: