ՄԱԳԱՏԵ-ն ժամանակին զգուշացրել է Ճապոնիայի իշխանությունների, որ այդ երկրի ատոմակայանները խնդիրներ ունեն` կապված սեյսմիկ անվտանգության հետ: Այս մասին կազմակերպությունը Ճապոնիայի իշխանություններին հայտնել է երկու տարի առաջ,- հաղորդում է The Daily Telegraph-ը:
Այս փաստաթուղթը հրապարակվել է WikiLeaks կայքում:
Կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն, 2008 թ. դեկտեմբերին ՄԱԳԱՏԵ-ն նշել էր, որ ատոմակայանների տեխնիկական անվտանգության համակարգը հնացել է, և ուժեղ երկրաշարժերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Դրան ի պատասխան ճապոնացիները խոստացել են բարձրացնել անվտանգության ստանդարտները բոլոր ատոմակայաններում, ինչպես նաև ստեղծել են նոր կենտրոն, որը պետք է պայքարեր արտակարգ դրությունների ժամանակ վթարների վերացման համար:
Բացի այդ, մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Ճապոնիայի ընդդիմության առաջնորդ Տարո Կոնոն 2008 թ. հանդիպել է ամերիկացի մի դիվանագետի, որին հայտնել է, թե Ճապոնիայի էներգետիկայի նախարարությունը թաքցնում է ճապոնական ատոմակայաններում տեղի ունեցող մանր վթարները:
Այսօր Տարո Կոնոն լրագրողներին ասել է, որ հիմա էլ Ճապոնիայի իշխանությունները բնակչությունից շատ բաներ թացքնում են, և անհրաժեշտ է բոլոր գործընթացները դարձնել բաց և թափանցիկ: