«Իշխանությանը և ոստիկանությանը հատուկ չէ անգամ հումանիզմի տարրական էլեմենտը։ Դրանում համոզվեցինք նաև երեկ գիշերը»,- ասում է Ստեփան Սաֆարյանը և պատմում, թե ինչ է կատարվել երեկ գիշերը Ազատության հրապարակում, որտեղ հացադուլն է շարունակում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ոստիկանները երեկ երեկոյան թույլ չեն տվել վրան տեղադրել այն նստարանի մոտ, որտեղ հացադուլի է նստած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք արգելել են նաև գիշերը ծածկվելու համար ծածկոց տալ նրան: Այս ամենը պատմելով`«ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասում է. «Իշխանությանն ու ոստիկանությանը հատուկ չէ անգամ հումանիզմի տարրական էլեմենտը: Ոստիկանության այս վերաբերմունքը հերթական ապացույցն է դրա: Մենք դիմել ենք «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակ Րաֆֆի Հովհաննիսյանի համար պայմաններ ապահովելու խնդրանքով»:
Ոստիկանությանը զգոնության կոչ է անում նաև Ռուբեն Հակոբյանը. «Կոչ եմ անում ոստիկանապետին տեր կանգնել իր խոսքին և թույլ չտալ, որ ոստիկանությունը իրոք դառնա քավության նոխազ»:
Ստեփան Սաֆարյանը անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահի այն խոսքին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է հաճելին օգտակարի հետ: «Հրավիրում ենք նրան մի օր անցկացնել Ազատության հրապարակում և տեսնել, թե ինչ հաճելի բան կա հացադուլի մեջ: Ցավոք, Նիկողոսյանը և այլ բարձր պաշտոնյաները համատեղում են հաճելին անթույլատրելիի հետ»: