Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվել է Վաղինակ Գևորգյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 2-ի կեսգիշերին Վաղինակ Գևորգյանը կնոջից իմանալով, որ իրենց դուստրը տանը չէ, զանգահարել է նրա բջջային հեռախոսին:
Զանգին պատասխանել է համագյուղացի Էդվարդը: Նա ասել է, թե Վաղինակի աղջիկն իր հետ է, գնում են իրենց տուն:
Վաղինակն իր երկու որդիների հետ շուտափույթ հասել է համագյուղացի Էդվարդի տուն: Տան անդամները, ինչպես նաև Վաղինակի դուստրը ասել են, թե Էդվարդը առևանգում չի կատարել: Աղջիկն ու տղան համակրել են իրար, փոխադարձ համաձայնությամբ և ամուսնության նպատակով, առանց հարսանեկան աղմուկ-աղաղակի վեր են կացել ու գնացել են փեսայի տուն:
Այսքան տեղեկատվությունը ստանալուց հետո էլ զայրացած հայրը չի հանգստացել: Նա աղջկանից պահանջել է իր հետ տուն վերադառնալ:
Երբ աղջիկը մերժել է, Վաղինակը ներկայացել է ոստիկանության բաժին:
Նա, հաստատապես իմանալով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ գրավոր հաղորդում է տվել, թե համագյուղացի Էդվարդն առևանգել է իր դստերը:
Վաղինակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Լուսանկարը՝ Անի Մարգարյանի բլոգից