Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի ու Վիլյայի միջև նոր վեճ է ծագել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում կայացած «Սելթիկ» – «Բարսելոնա» խաղին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստները վիճաբանության էին բռնկվել Լա Լիգայի շրջանակներում կայացած «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպմանը:
Ըստ աղբյուրի՝ վեճն սկսվել է հանդիպման 80-րդ րոպեին, երբ Վիլյան գնդակը Մեսսիին փոխանցելու փոխարեն նախընտրեց շրջանցել մրցակցի ֆուտբոլիստին ու գոլի հեղինակ դառնալ, սակայն հարվածը շեղ ստացվեց: Մեսսին իր դժգոհությունն է հայտնել Վիլյային սխալ գործողությունների համար, իսկ Վիլյան՝ համարժեք պատասխան տվել:











































