Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մտահոգ են Մարզահամերգային համալիրի հետագա պահպանման առթիվ:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, որը, ըստ ԴԱՀԿ-ի, հանդիսանում է գրավի առարկա: Մրցույթի պայմաններում, սակայն, նշված չէ, որ Մարզահամերգային համալիրի շենքը հուշարձան է:
«Հուշարձանի պահպանությունն ամրագրվում է պետական լիազոր մարմնի և հուշարձանի օգտագործողի հետ կնքված պայմանագրով: Այդ խնդրի վերաբերյալ աճուրդում որևէ ակնարկ չկա: Դա նշանակում է, որ գնորդը որևէ պարտավորություն չի վերցնի հուշարձանի պահպանման վերաբերյալ: Դիցուք՝ նա կարող է քանդել հուշարձանը և տեղում սարքել իր մենատունը: Ամեն ինչ կարող է լինել, կարող է ձևափոխվել, կարող է մարզահամերգային համալիրը դառնա սուպերմարկետ: Աղավաղվի էնպես, որ դուք ուղղակի կմտնեք և չեք հասկանա՝ ինչ շենք է, և այլևս նա չի ծառայի որպես հուշարձան»,- մտահոգություն հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Ըստ ճարտարապետների՝ «կառավարությանը փատորեն չի հետաքրքրում հուշարձան բառը»: Նրանք պահանջում են, որ համալիրի աճուրդի հետ կապված ամեն ինչ օրենքով արվի:
«Կա՛մ մենք ենք այլմոլորակային, որ չենք հասկանում կառավարությանը, կա՛մ նա է այլմոլորակային, որ չի հասկանում, որ դա հուշարձան է»,- պնդում են ճարտարապետները: Ուստի նրանք պահանջում են, որ աճուրդի պայմաններում ընդգծվի, որ շենքը պատմամշակութային հուշարձան է:
«Մեր միակ ցանկությունն այն է, որ կառույցը որպես պատմամշակութային հուշարձան պահպանվի»,- հավելեց համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը՝ նշելով. «Հարկավոր է դա պահպանել որպես հանրապետությանը անհրաժեշտ կառուցներից մեկը, որտեղ ուզած մշակութային, սպորտային միջոցառում ուզած պայմաններում կարելի է անցկացնել»:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է դատարան՝ դատական կարգով վիճարկելով համալիրը աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները: Ավելի վաղ համալիրի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը ապօրինի է և իրականացվել է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:
Լուսանկարը` PAN Photo-ի