Ոստիկանությունը տեղեկություն չունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկու մորաքրոջ թոռների միջև տեղի ունեցած կրակոցների մասին: Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ մանրամասներ պարզելու երեկ Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած փոխհրաձգությունից: Մեզ հաստատեցին, որ երեկ երեկոյան Բալահովիտ գյուղի առաջին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ վիճաբանություն է տեղի ունեցել, դեռևս չպարզված հրազենից կրակոցներ են արձակվել: Ձեռնարկվում են միջոցառումներ, հանգամանքները պարզվում են: Այլ տեղեկություն վիճաբանության մասնակիցների և հանգամանքների վերաբերյալ ոստիկանությունից չհայտնեցին:
Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկու մորաքրոջ թոռների միջև: Տեղեկության համաձայն՝ գործարար հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով Ծառուկյանի մորաքրոջ թոռներից մեկը կրակել է մյուսի ոտքին: Խոսքը նախագահի աշխատակազմի աշխատակից Էդվին Թադևոսյանի և Ծառուկյանի մյուս մորաքրոջ թոռան՝ Վարդան անունով գործարարի մասին է: Ի դեպ՝ կրակողը եղել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, որը նաև www.operativ.am կայքի սեփականատերն է: