Այսօր Մուամար Քադաֆիի որդին` Սայֆ Ալ-Իսլամը, հարցազրույց է տվել Euronews հեռուստաալիքին, որում մի շարք սկանդալային հայտարարություններ է արել:
Նա մասնավորապես նշել է, որ Քադաֆիների ընտանիքը ֆինանսավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը: Լրագրողի հարցին՝ ի՞նչ են մտածում Լիբիայի իշխանությունները Ֆրանսիայի մասին, որն առաջինը ճանաչեց Լիբիայի ընդդիմությանը, Սայֆ Ալ-Իսլամը պատասխանել է, թե «ծաղրածու Սարոկզին» թող սկզբում վերադարձնի այն գումարները, որոնք Լիբիան հատկացրել է նրան նախընտրական շրջանում: «Այդ մենք ենք ֆինանսավորել նրա կամպանիան, մենք ունենք ապացույցներ և պատրաստ ենք դրանք ներկայացնել… Մենք օգնել ենք նրան, որպեսզի նա օգնի Լիբիայի ժողովրդին, սակայն նա մեզ հիասթափեցրել է… Մենք ունենք համապատասխան բանկային փոխանցումների փաստաթղթերը և շուտով դրանք կհրապարակենք»,- ասել է Սայֆ Ալ-Իսլամը:
Քադաֆիի որդին նաև անդրադարձել է ներքաղաքական մյուս խնդիրներին` ասելով, թե երկու օրից իրենք կմտնեն Բենղազի, և ամեն ինչ կվերջանա: Սահմանի մոտ կուտակված փախստականներին նա դավաճան և ահաբեկիչ է անվանել, որոնք կամ լքել են երկիրը, կամ անհապաղ պետք է անեն դա: «Մենք չենք ցանկանում նրանց սպանել, մենք չենք պատրաստվում ոչ մեկի հետ հաշվեհարդար տեսնել»,- ասել է Սայֆ Ալ-Իսլամը: «Չքվե՛ք Եգիպտոս խաղաղությամբ»,- ավելացրել է նա: