Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, ելույթ ունենալով մայրաքաղաք Տրիպոլիում իր կողմնակիցների առաջ, հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստվում է գողանալ լիբիական նավթը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գնդապետ Քադաֆին բողոքավորներին անվանել է «առնետներ և շներ»: Դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին՝ նա ասել է, որ իզուր էին նրանց հայտարարությունները, թե Քադաֆին պատրաստվում է լքել երկիրը. «Դուք իրոք մտածում եք, որ Քադաֆին կգնա՞»,- հարց է ուղղել Լիբիայի առաջնորդը:
Քադաֆին նաև նշել է, որ սուտ են այն հայտարարությունները, թե երկրում մի քանի հազար մարդ է զոհվել: Զոհվել է մի քանի հարյուր մարդ, մեծամասնությունն էլ ընդդիմության ներկայացուցիչներ են: «Աշխարհը տեսնում է Լիբիայի կեղծված պատկերը: Լիբիան չունի ներքին խնդիրներ»,- ասել է Քադաֆին:
Պետական հեռուստատեսությունը նաև տարածել է զինվորականության հայտարարությունը, որով նրանք խոստանում են մոտ ժամանակներս հետ վերցնել Բենղազի քաղաքը, որը ներկայիս ընդդիմության կենտրոնն է: «Բենղազիի բնակիչներ, զորքերն արդեն գալիս են, որպեսզի ապահովեն ձեր անվտանգությունը, վերջ դնեն անարդարությանը, պաշտպանեն ձեզ, քաղաքին վերադարձնեն նորմալ կյանքը և հանգստությունը»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ:
Որոշ տեղեկություններով, Քադաֆիի կողմնակիցները վերցրել են Աջդաբիյա քաղաքը: