Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական Taraf թերթը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վաղվանից սկսած, հրապարակելու է Թուրքիային առնչվող WikiLeaks-յան գաղտնի փաստաթղթերը: Ասանժի կատարած թուրքական ընտրությունը (Taraf թերթը) պատահական չէ, քանի որ այն հանդիսանում է Թուրքիայի ամենասարսափահարույց թերթը:
Նշվում է, որ ամերիկյան դիվանագիտական հաղորդագրություններում Իրաքից հետո ամենաշատը շոշափվում է Թուրքիայի անունը: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 24.000 էջից բաղկացած 11.000 հաղորդագրությունների (փաստաթղթերի) մասին, որոնց մեծամասնության վրա նշված է «գաղտնի»:
Այդ փաստաթղթերից ամենահինը վերաբերում է 1994 թվականին, փաստաթղթերի մեծամասնությունը բաժին է ընկնում 2000-2010 թվականներին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին հենց Taraf թերթն առաջինը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ հոդվածը, ինչից հետո ցայժմ Թուրքիայում շարունակվում է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների ալիքը:
Ի դեպ, Taraf թերթը Թուրքիայում ունի Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության (ԱԶԿ) համակրի համբավ և բավական հաճախ է տպագրում զինվորական ղեկավարության կողմից կառավարության տապալման պլանների մասին նյութեր: