«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում, ուր հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին:
Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, հանդիպումից հետո Բառոզուն հանդես է եկել հայտարարությամբ, ուր անդրադարձել է Տիգրան Սարգսյանի հետ ունեցած բանակցություններին:
Բառոզուն հայտարարել է, որ գոհ է անցկացված բանակցություններից, և որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Նա գոհունակություն է հայտնել Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններում արձանագրված առաջընթացով: Նաև շեշտել է, որ այս հավակնոտ պայմանագիրը թույլ կտա քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, կհանգեցնի կողմերի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, ինչը թույլ կտա ապահովել Հայաստանի ավելի սերտ տնտեսական ինտեգրումը Եվրոպական Միությանը:
Միաժամանակ նա կոչ է արել ավելացնել տնտեսական ոլորտում իրականացվող բանակցությունները: «Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել ինստիտուցիոնալ և կառավարչական, ինչպես նաև օրենսդրական ոլորտներում, որից հետո կարող ենք բանակցություններ սկսել ազատ տնետսական գոտու վերաբերյալ»,- ասել է Բառոզուն:
Բառոզուն հատկապես շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության արժեքները, որոնք պետք է ընդհանուր լինեն երկու կողմերի համար. դրանք են բանալին երկկողմ հարաբերությունների և «Արևելյան գործընկերության» պայմանագրի շրջանակներում համատեղ գործակցության: Այս առումով նա կարևոր տեղ է հատկացրել Հայաստանում ԶԼՄ-ներում բազմակարծության և ընտրական գործընթացների հիմնահարցերին` նշելով, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր են այս համատեքստում:
Բառոզուն նաև նշել է, որ մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացման վերաբերյալ, ինչը թույլ կտա ավելի դյուրին դարձնել ՀՀ քաղաքացիների ճամփորդությունը ԵՄ:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրներ: Բառոզուն վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հարևանների միջև խաղաղության, կայունության հաստատմանը և բարեփոխումների իրականացմանը, հատկապես՝ հակամարտությունների կարգավորման միջոցով: Նա կրկին շեշտել է, որ Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի երեք հիմնական սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա: «Ստատուս քվոն տարբերակ չէ»,- ասել է նա: Բառոզուն նաև մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող բախումների կապակցությամբ:
Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացին` նշելով, որ ԵՄ-ն շարունակում է աջակցությունն այդ գործընթացին: «Մենք կոչ ենք անում երկու երկրներին հետամուտ լինել այդ պատմական գործընթացին: Ես համոզված եմ, որ երկխոսության համար ապագայում նոր հնարավորություններ կստեղծվեն»,- ավարտել է իր խոսքը Բառոզուն: