Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Րաֆֆի Հովհաննիսյան. Ժամանակն է` ենթարկենք մեզ քաղաքացիական և ազգային նոր զորաշարժի

Ինչպես արդեն հաղորդվել է, մարտի 15-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովը, որտեղ երկրի բոլոր ոլորտներում տիրող անհանդուրժելի իրավիճակի ու արատավոր երևույթների մասին համակողմանի վերլուծությամբ հանդես եկավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ստորև ներկայացվում է նրա ելույթի ամբողջական սղագրությունը.

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Երիտասարդ շնորհալի լրագրողներից մեկը նոր ինձ մոտեցավ և հարցրեց, թե Ձեր նոր իմիջը ինչի հետ է կապված: Ես փորձեցի հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հետո գլխի ընկա, որ մի քանի սպիտակ մազեր եմ թրաշել իմ դեմքից և միգուցե դա նշանակում է, որ «Ժառանգությունը» երկրի հետ մեկտեղ մտնում է նոր հանգրվան, նոր շրջան` թարմացման, երիտասարդացման և ապագայի շրջան:

Ամեն ինչ, ասում է Աստվածաշունչը, ունի իր եղանակը:

Կա ժամանակ ծնվելու և մեռնելու, ուրախանալու և տխրելու, հառնելու և ընկնելու, բարձրանալու և իջնելու, ու ոչ մեկը դրանցից ամոթ չէ: Ահա ժամանակը եկել է, որ գործող նախագահը` պարոն Սարգսյանը, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի և Հայաստանի Հանրապետության հիմնադրումից, այսինքն` 1991 թվականից այս կողմ, 20 տարի անց, երաշխավորի մեր նորագույն պատմության ընթացքում առաջին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Քանի որ ինքն իշխանության եկավ ձախողված ընտրությունների բերմամբ և ձգտել է ներկայացնել այն ազգը, որն արժանի է ժողովրդավարության, և քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական ու հայաստանյան, ոչ թե օտարահպատակ մի չափանիշ` ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը Հայաստանի իրական ժողովրդավարության` իր «էջքով» բարձրացնելով Հայաստանի Հանրապետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը և մեր քաղաքացիների իրավունքները:

Հիրավի, 1995 թվականից այս կողմ մենք չենք ունեցել այն ընտրությունները, որոնց միջոցով իշխանությունը մեկից մյուսին է փոխանցվում քաղաքակիրթ, դասական, միջազգային, ինչու չէ` իրական հայկական ձևով: Հակառակը` մեր ժողովրդի ձայնը, այդ եզրի զույգ իմաստներով, գողացվել է տևապես, և սա նորություն չէ ոչ մեկի համար: Միշտ էլ մեր իշխանություններն ունեցել են ներքին հակասություն իրենց անձնական, կուսակցական և պետական պարտականությունների ու պատասխանատվության միջև: Շփոթել են, թե որն է իրենց պետական բարձրագույն հանձնառությունը, որն է կուսակցական իրենց պարտքը և որը` անձնական ընթացիկ շահը: Սրան մենք վկա ենք եղել երեք նախագահների օրոք, բայց ամենաարտառոց, ամենադիպուկ օրինակը եղել է այն հուշագիրը, որ երեք կուսակցապետերի միջև ստորագրվեց փետրվար 17-ին նախագահական նստավայրում` այն վայրում, որը պահվում-պահպանվում է մեր ժողովրդի, մեր քաղաքացիների հարկերով: Եվ այնտեղ գործող նախագահը` որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, հավաքեց իր գործընկերներին և հայտ ներկայացրեց` Հայաստանի Հանրապետությունը վերածելու Հայաստանի կուսակցապետության և հայ ժողովրդին ասաց. «յոթը տարի սա է լինելու, ախպեր ջան», այս արտաքին և ներքին քաղաքականությունը` ահավոր, անժողովրդավարական շարունակվելու է այսպես, ինչպես որ կա, և` «պետությունը ես եմ» բոլոր առումներով:

Սա ժողովրդին պատկանող իշխանության բացահայտ ուզուրպացում է, որը հարկ է չհանդուրժել, մերժել ու բոլոր հնարավոր միջոցներով բացառել: Սա հակասահմանադրական է, և ես զարմանում եմ, թե ինչպես այդ երեք կուսակցությունների շարքային անդամները, համակիրները, մտավորականները չեն ասում. «մի րոպե, պարոնա՛յք, օրենքը պահանջում է, որ թեկնածուները որոշվեն համագումարներում, այն էլ` ընտրությունների շեմին»: Ի՞նչ է նշանակում երկու տարի առաջ պետությունը ներկայացնող նախագահական նստավայրում երեք կուսակցապետով հուշագիր ստորագրել հայ ժողովրդի և կոնկրետ կոալիցիայի անունից: Սա իրենց մտածելու բանն է:

Մեր կենսագործունեության բոլոր ոլորտներն իսկապես յուրացվել են, իշխող կուսակցության և պետության ինքնությունները` միախառնվել: Գոնե կոմունիստների` համայնավարների ժամանակ չկար խաղ ու պար: Կար գաղափարախոսություն, կար պետական համակարգ, որտեղ կուսակցությունը պետությունն էր: Ընդդիմադիր էին, թե` համակիր, գոհ էին, թե` դժգոհ, բայց գիտեին, թե ինչ է ներկայացնում այդ համակարգը, տարրական որոշ անկեղծություն կար, իսկ այստեղ ժողովրդավարության, մարդու իրավունքի, օրենքի գերիշխանության գեղեցիկ կարգախոսների տակ կուսակցություն-պետություն այս մանրակերտը մեզ հրամցվում է նվազագույնը յոթ տարիների համար: Փույթ չէ, թե կաթվածահար վիճակում են բացառապես բոլոր ոլորտները:

Վերցրեք հանրակրթությունը` մեր դպրոցներից մինչև բուհեր: Ովքե՞ր են մեր բուհերի խորհրդի նախագահները: Գործող իշխանավորները: Ինչպե՞ս ենք մեր մատղաշ սերնդին տալու քաղաքացիական, համալիր, առարկայական կրթություն, եթե տվյալ ԲՈԻՀ-ի գլուխ տվյալ պահին կարգված է այդ իշխանավորը: Կուսակցականացվում է կրթական ողջ համալիրը: Եվ, օրինակ, իմ նմանները, որ եղել են առաջին արտգործնախարար կամ նախկին պաշտոնյա, այլևս доступ` մուտք չունեն այդ հաստատությունները: Եվ 19 տարի է` ՀՀ քաղաքացին հնարավորություն չի ունեցել մտնելու Երևանի պետական համալսարան, որովհետև նախկին է, որովհետև չի կրում կուսակցապետության կնիքը: Եվ այն ուսանողները, ովքեր ունեն այդ քաղաքացիական գիտակցությունը, ծարավի են նոր գաղափարների, այլընտրանքների, դիմում են մեր խորհուրդներին, և ես ստիպված իրենց դրսում եմ ընդունում` «Ժառանգությունում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնում կամ այլուր: Այդ ի՞նչ արհամարհանք է մեր քաղաքացիների և երիտասարդ սերնդի նկատմամբ. նրանք չե՞ն կարող կայացած տարիքում որոշելու, թե որն է իրենց համար ճշմարիտը, անհրաժեշտն ու կարևորը: Մեր հանրակրթական, բուհական համակարգերը պետք է լինեն ինքնուրույն, անկախ և անպայման` անկուսակցական: Եվ ինձ սլաքն ուղղելով` ասելով, որ եթե ես մտնեմ համալսարան, կկուսակցականացվի զրույցը, փաստորեն ի ցույց են դնում իրական այն վիճակը, որ առկա է պետական համալսարաններում, իրական այն փոխհարաբերությունները, որ կան իշխող կուսակցություն-պետություն-ռեկտորատ հարթության վրա:

Կամ` առողջապահությունը: Վերջերս այդ գերատեսչության ղեկավարն ունեցավ բացառիկ անկեղծության պոռթկման պահ` շատ ազնիվ ձևով ընդունելով, որ հենց իր գլխավորած ոլորտում խառնվում են պետական, կուսակցական և անձնական գործառույթները: Ես ողջունում եմ այդ անկեղծությունը, բայց անհրաժեշտ է բացառել առողջապահության, գիտության, մշակույթի, կրթության և բոլոր մնացած ոլորտների կուսակցականացումը և ծառայեցումը անձնական, քան պետական նպատակներին:

Մեր պետական բյուջեն` ձեր հարկերը, ձեր ներդրումը ինչի՞ համար են օգտագործվում: Բոլորս գիտենք, որ երիտասարդական հիմնադրամներ կան, տարատեսակ հետազոտական կենտրոններ, շատ այլ կառույցներ, որոնք թեև փորձում են թաքցնել, սքողել կուսակցական գործառույթները, սակայն իրականացնում են իշխող կուսակցության կուսակցապաշտական, անհատապաշտական ծրագիրը, այն էլ` պետական բյուջեի` ազգին պատկանող փողի հաշվին:

Այս ինքնության խառնումը պետության և կուսակցության միջև համընդհանուր է: Եվ իսկապես այս սերտաճումը, բոլորս գիտենք, վաղուց է տեղի ունեցել իշխանության, փողի և զենքի` թե թիկնապահական, թե այլ տեսակի զենքի միջև: Եվ սա օգտագործվում է ոչ ազգային և ոչ պետական նպատակներով: Անհրաժեշտ է այդ կեղծ, այդ արհեստական եռամիասնությունը ջարդել մեկընդմիշտ, հանուն Հայաստանի և հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երիտասարդները մի կտոր երազանք ունեն, որ իրենց ապագան տեսնեն սեփական երկրում, և պետության պարտքն է` ստեղծել այդ նվազագույն պայմանը, որ մեր երիտասարդ սերունդն իր հեռանկարը սեփական երկրում տեսնի իր արժանիքներին, այլ ոչ թե իր կապերին, կամ մուծվելու իր կարողությանը համապատասխան:

Ամենաթողությունը, անհաշվետվողականությունը, անպատժելիությունն ամենուր են: Մարտի 1-ով չսկսվեց, դրանից առաջ կար Հոկտեմբերի 27, և մենք գիտենք, թե ինչպիսի 20 տարիներ ենք ապրել միասին: Բայց Մարտի 1-2-ի ազգային ողբերգությունը, քաղաքական բանտարկյալների տևական առկայությունը, մարդու իրավունքների համատարած խախտումները, ապօրինի հարձակումները ՀՀ քաղաքացիների, «Ժառանգության» և այլ ուժերի ներկայացուցիչների, համակիրների ու պատգամավորների վրա` վկայում են, որ այս իշխանություններն իրենց վարքով հրաժարվել են սեփական քաղաքացիների ազատությունը, բարեկեցությունը և անվտանգությունը ապահովելու սահմանադրական պարտականությունից. հրաժարվել են կամովին և փաստացի:

Սոցիալ-տնտեսական իրողությունները, անհավասարությունը, անարդարությունները` սեփականազրկվածներ, որդեկորույս մայրեր, վրացական պետհամարանիշներ, բացօթյա առևտրականներ, ահավոր գնաճ, համաճարակի վերածվող աղքատություն, երեխաների մի խավ, որ հնարավորություն չունի դպրոց հաճախելու, որովհետև զուրկ է ֆինանսական այդ նվազագույնից կամ տան ջեռուցումից կամ կոշիկ չունի… և սա դառնում է մեր «սրճարանային» իրականությունից դուրս արդեն համընդհանուրի վերածվող իրականություն: Եվ այս ամենն ածանցյալ են վերոհիշյալ քաղաքական, իրավական ամենաթողությունից, պետությունը յուրացրած կուսակցապետությունից: Ահա թե ինչը պետք է փոխել, և փոխել անհապաղ, ամբողջովին, փոխել միասին, գործնականապես և ոչ ճառով, ոչ այստեղից, ոչ հարթակից, այլ առարկայորեն, այն էլ` կողք կողքի:

Բնապահպանությունը և երկրի առողջությունը: Բնությունը ոչ միայն այսօրվա մեր շնչած օդն է, այլ վաղվա, մյուս օրվա մեր սերունդների հայրենիքը, կեցավայրը, կյանքի աղբյուրը: Բայց ինչի՞ ենք այն վերածում մեր օրերում: Բողոքում ենք Թուրքիայից, թե յուրացրել է մեր մշակութային ժառանգությունը, քայքայում-ոչնչացնում է: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մայրաքաղաք Անիի դիմաց` «մեր կողմը», կան Անիի գերեզմանոցը, պատմական քարայրեր և այլն: Մեր իշխանավորները` մենք մեր ձեռքով պայթեցրել ենք «մեր կողմի» Անին` նաև վնասելով մայրաքաղաք Անիի ավերակները: Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար: Հեշտ է ամեն ինչ Թուրքիային վերագրել. թուրքը, այո, պիտի պատասխանատվություն կրի իր արածի համար, բայց մենք դա չպետք է օգտագործենք պարտականության մեր բաժնից խուսափելու համար: Անիից մինչև Գառնի և Թեղուտ, Սյունյաց աշխարհի ուրանի հանքեր` մենք իսկապես արհամարհում ենք: Մեր իշխանավորները, փայատերները անգթորեն ապականում են շրջակա միջավայրը, երկրի բնությունը և, խոշոր հաշվով, մեր վաղվա օրը:

Խոսեցի մշակույթի մասին: Անցյալ սեպտեմբերին առաջին անգամ` թեկուզ անխաչ, Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում կատարվում էր Սուրբ պատարագ, ինչը, իհարկե, թուրքերն իրենց քարոզչության համար էին օգտագործում: Իրենք պարտավոր էին այնտեղ խաչ դնել և, որպես սրբություն, վերադարձնել Հայաստանին կամ հայ ժողովրդին, նվազագույնը` թրքահայ համայնքին: Հենց նույն օրը ՀՀ ինքնիշխան տարածքում` Ախթալայում, հայկական եկեղեցին պետք է վերաօծվեր` հին քաղկեդոնական եկեղեցի էր, որն ի վերջո չեղավ. ոչ «Հայր մեր», ոչ պատարագ, ոչ էլ վերաօծում: Երկակի չափանիշներ կիրառողը միայն օտար աշխարհը չէ, միայն Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը կամ Չինաստանը չեն, դա նաև մենք ենք: Եվ այդ երեսպաշտության թուլությունը մենք պետք է բացառենք առաջին հերթին ինքներս մեր մեջ:

Մշակույթը, հայոց քաղաքակրթությունը և լեզուն իսկապես նահանջի մեջ են: Եվ ինչպես ասված է «Ժառանգության» խորհրդի որոշման մեջ, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնվի հայրենի կրթության, մայրենի լեզվի, հայեցի չափանիշների վրա: Այո` Հայաստանը և նոր սերունդը պիտի լինեն մրցունակ, այո` պիտի հարգվի նաև օտար լեզուների ուսուցումը, այո` մեր մասնագետները պիտի փայլեն ռուսերենի, անգլերենի, չինարենի, հնդկերենի իրենց իմացությամբ, պիտի լինի մրցակցություն, բայց դրա խարիսխը պետք է մնա հայերենը, մեր պետական լեզուն: Եվ մնա ոչ որպես կույր ազգապաշտության ակունք, այլ սեփական ինքնությունն ընդգծելու և այն ժամանակակից ձևով մրցունակ դարձնելու հրամայական: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները` առաջին հերթին ճանաչելով հայրենի պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունը, փայլեն նաև ռուսերենի ու այլոց քաղաքակրթության, մշակույթի, պատմության, գիտության մեջ:

Բանակը և իրավապահ մարմինները պետք է հասկանան, և ես չէ, որ պիտի իրենց քարոզեմ, իմանան այն պարզ ճշմարտությունը, որ բխում է յուրաքաչյուրիս տրամաբանությունից` ազգային անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու ազատությունից, արժանապատվությունից, պետությանն իր պատկանելիությունից: Եվ փոխանակ սեփական քաղաքացիներին ահաբեկելու, լուսանկարելու, ճնշելու և սպառնալու նրանց քաղաքացիական ակտիվության, իրավունքների իրացման համար, լավ կլիներ, որ իրավապահ մարմինները երաշխավորեին քաղաքացու այդ ակտիվությունը, հպարտանային դրանով, համարեին դա արժեք, որովհետև երբ կա պատկանելիության այդ զգացումը, ներքին ընդվզումը, լավ երկիր կառուցելու անհրաժեշտության գիտակցումը, այն կառուցելու ջիղը և ողնաշարը` ուժեղ է երկիրը, անվտանգ է սահմանը: Իսկ երբ իրավազրկված է և անպատկան սեփական քաղաքացին` այնտեղ ոչ մի պաշտպանական համալիր, ոչ մի զինատեսակ չեն կարող պաշտպանել Հայաստանի ինքնությունն ու ինքնիշխանությունը:

Արտաքին քաղաքականությունում Հայաստանը պետք է շարունակի վաղուցվա իր կամքը` սերտաճելու Եվրամիությանը, արևմտյան քաղաքակրթական համակարգին: Բայց սրա համար մենք նախևառաջ մեզ պիտի բարձրացնենք այդ մակարդակին, համապատասխանենք միջազգային այս չափանիշին, որը նաև մերն է: Եվ երկրորդ` այդ նույն Արևմուտքը չպետք է խաղեր տա մեր ժողովրդավարական հակումների ու ձգտումների վրա:

Թուրքիան 20 տարի է` նախապայմաններ է առաջադրում Հայաստանին: Բոլորս կարող ենք յուրովի գնահատել Հայաստանի 3 նախագահներին, ընդունել, ընդդիմանալ, նույնացնել, բայց մինչև հայտնի «ֆուտբոլային» դիվանագիտությունը ո՛չ մի նախագահություն, ո՛չ մի իշխանություն` որքան էլ նրան ընդդիմադիր եղած էի, չի ընդունել թուրքական նախապայմանները: Հայ-թուրքական արձանագրությունների մեջ ակնհայտորեն արտացոլված է 20 տարի հետապնդվող այդ նախապայմանների մեծ մասը: Եվ խոսքը միայն պատմական ենթահանձնաժողովի միջոցով Հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու մասին չէ, ամենակարևորը` արդեն արտաքին ճակատում Հայաստանի իշխանակարգը կամովի` իր իսկ ստորագրությամբ հրաժարվում է Հայաստանի de jure տարածքային ամբողջականության պաշտպանության սահմանադրական իր իրավունքից ու պահանջից, իր լիազորությունից: Մինչդեռ նրա պարտքն է` ապահովել Հայաստանի թե՛ de jure, թե՛ de facto սահմանները, իսկ Մոսկվայի, Ղարսի ապօրինի, հակահայկական պայմանագրերի ընդգրկումն այս արձանագրությունների մեջ` նշանակում է, որ այդ իշխանությունը նաև արտաքին ճակատում կամովի գնացել է հրաժարման պետական պատասխանատվությունից: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն ետ կանչել ստորագրությունը և հանել հարցը ԱԺ օրակարգից, այլև ընդհանրապես վերականգնել համաչափությունը Թուրքիայի հետ. եթե իրենք դուրս են եկել ի վերջո առանց նախապայմանի հարաբերություններ հաստատելու դիվանագիտական բանաձևումից, ուրեմն Հայաստանը նույնպես` ոչ միայն իբրև զոհերի, հայրենազրկվածների ժառանգորդ, հայաթափված Հայրենիքի ժառանգորդ պետություն, այլև որպես լիարժեք ժամանակակից երկիր ինքը պիտի առաջադրի իր նախապայմանները Թուրքիայի հանրապետությանը: Թող իրենք որոշեն, թե ինչպես են ուզում մոտենալ այդ հարցին:

Մենք կողմնակից ենք տարածքային ամբողջականությանը, ոչ մի պատճառ չունենք խուսափելու միջազգային օրենքի այդ դրույթից, և հենց դրա համար է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վաղուց ճանաչած լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններով և դրանով իսկ պաշտպանած լիներ de jure ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Իսկ քանի դեռ չկա այդ de jure ակտը, քանի դեռ մենք փախչում ենք մեր պետական պատասխանատվությունից, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը չունի տեսակետ` կապված ԼՂՀ ինքնիշխանության, ինքնորոշման, ապագաղութացման և, ի վերջո, պետականության կայացման հետ: Եվ մենք Ադրբեջանի добро-ն` Ալիևի համաձայնությունը ստանալու պետքը չունենք` որոշելու համար, թե որն է Հայաստանի de jure վերաբերմունքը ԼՂՀ-ի հարցում, իսկ բանակցությունները թող շարունակվեն:

Ադրբեջանի նախագահն ասում է` «երբեք անկախ չի լինի ԼՂ-ն, ես բացառում եմ», բայց մենք շարունակում ենք բանակցային գործընթացը, որովհետև կան հարակից այլ հարցեր, կան գաղթականների փոխադարձ և համալիր վերադարձի մեխանիզմների խնդիրներ, պաշտպանության և անվտանգության, վստահության անհրաժեշտության քայլեր, ի վերջո կա Արցախի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիր: Բայց այն, որ Հայաստանը պետք է սպասի ավելի պատեհ ժամանակի, ուղղակի անհեթեթություն է: Թող Ադրբեջանը մտածի Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի ու Մարտունաշենի մասին` որպես օկուպացված հայոց հայրենիքի: Իհարկե` հայ ժողովուրդն էլ պիտի մտածի, բայց առաջին հերթին` իրավական իր դիրքորոշումն արտահայտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ միայն անկախության, այլև տարածքային ամբողջականության նկատմամբ:

Այս իշխանությունները պետք է շատ ավելի նպատակասլաց լինեին վիրահայության և, առաջին հերթին, Ջավախքի մեր հայրենակիցների օրինական էթնիկ փոքրամասնական իրավունքների պաշտպանության գործում: Որովհետև Ջավախքը ազգային անվտանգության խնդիր է թե Հայաստանի համար, թե` հարևան Վրաստանի: Եվ անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա նաև այդ ներուժը, այդ քաղաքական պաշարամիջոցը` բարձրացնելու նման հարցեր: Եվ ոչ թե երկնչել, նահանջել, երբ ինչ-որ մեկը` հարևան պատրիարք կամ այլ ոք ասի, որ եթե դուք վերաօծեք այդ հայկական քաղկեդոնական եկեղեցին ձեր տարածքում, ուրեմն խաչ քաշեք ձեր պաշտոնյաների այցերի վրա:

Ռուսաստանը կարևոր դաշնակից երկիր է, և ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» և նրա համակիրները ներկայացնում են հիրավի այն մեծամասնությունը Հայաստանի ժողովրդի, ովքեր ուզում են Ռուսաստանի հետ ռազմավարական, իրական, ժամանակակից հարաբերություններ, ովքեր գնահատում են Ռուսաստանի ներուժը` որպես ժողովրդավարական ապագա ունեցող երկրի: Սա քծնանք չէ, ամեն ինչին «այո» ասել չէ, աշխարհի մեծերին գլուխ խոնարհել չէ, այլ սեփական շահը, ողնաշարը ցուցանելու անհրաժեշտություն և ունակություն: Եվ արդի Հայաստանը ժողովրդին վերադարձված իր նոր իշխանությամբ պետք է կարողանա դաշնակից երկրի հետ ուղիղ խոսել, հարգանքով, փոխադարձ արժանապատվությամբ: Ինչ է նշանակում, երբ վերջերս, իր ժամկետի ավարտից տասը տարի շուտ երկարաձգված ռազմակայանի պայմանագրում գրվում է, որ մեր անվտանգությունը պետք է որոշվի համատեղ: Ինձ համար էական չէ` Ռուսաստան է, Ամերիկա է կամ այլ երկիր է, հյուսիս կամ հարավ` ՀՀ սահմանները, անվտանգությունը, ապահովությունը պետք է որոշվեն բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից: Եվ ես միայն կարող եմ զարմանալ, թե ինչպես կարող է հարգարժան Սահմանադրական դատարանը սահմանադրական համարել այն պայմանագիրը, որը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը սահմանելու գործառույթը վերածում է այլ մեկի հետ համատեղ ջանքի: Ռուսաստանն իր շահն է հետապնդում, մեղադրելու չէ` մենք ենք մեղավոր: Իսկ ամբողջովին անհասկանալի է, թե ինչու իշխող կուսակցապետն ուզեց ժամանակից 2 տարի շուտ նորից առաջադրել սեփական թեկնածությունը` խախտելով այս կամ այն օրենքները և արհամարհելով սեփական ժողովրդին:

2044 թվականին այս երիտասարդները, որ այստեղ են և այսօր սովորում են բուհերում, դառնալու են իշխանավոր, ընդդիմադիր, դիվանագետ, քաղաքագետ կամ ռազմագետ, այդ թվականին ինչ պաշարներ պիտի ունենան Հայաստանի անունից իրացնելու: Առավել ևս, որ Ռուսաստանը` սա ասում ենք ուղիղ նաև մեր հանդիպումներում, մինչև հիմա նվազագույնը չի բացահայտել, թե այդ երկարացված և Ազգային ժողովի օրակարգում գտնվող նոր պայմանագիրը ինչպես է վերաբերում, օրինակ, Արցախին, Հայաստանի Հանրապետության պետական տարածքից դուրս հայկական գործոնին: Էլ չենք խոսում այն մասին, որ մեր դաշնակից պետությունը, միգուցե իր շահից ելնելով, բայց չէ որ մե՛ր դաշնակիցը, պաշտպանական համակարգեր, ուղաթիռներ և այլ զինատեսակներ է ուղարկում Ադրբեջան: Անհրաժեշտ է նոր տիպի ռազմավարական գործընկերություն` հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Ուստի, հարգելի հայրենակիցնե՛ր, ժամն է, որ բոլորս ենթարկվենք և ենթարկենք մեզ քաղաքացիական ու ազգային նոր զորաշարժի:

Հայաստանը պատկանում է բոլոր հայերին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ոչ մեկի իրը կամ սեփականությունը չէ Հայաստանի Հանրապետությունը: Մեր ազգ-պետությունն այսօր գտնվում է աննախադեպ տագնապի, արտակարգ իրավիճակի մեջ: Արտակարգ իրավիճակ, որ ոչ միայն մեր կուսակցության խորհրդի որոշման մեջ է, այլև` բանականություն ունեցող, դատող, զգացող յուրաքանչյուր քաղաքացու հոգու խորքում: Ինչ-որ բան սխալ է, այդ սխալը բոլորս զգում ենք առանձին, թե առավել ևս միասին: Բոլոր ոլորտներում և, մանավանդ, մեր սերունդների հեռանկարում այդ սխալն առկա է: Այդ արտակարգ իրավիճակը թելադրանք չէ, դա ինչ-որ մեկի կախարդական փայտիկով չէ, որ որոշվում է` կա, թե չկա: Կա՛ այդ արտակարգ իրավիճակը: Եվ բոլորս գիտենք` դրա լուծումը միասին պետք է գտնենք հիմա, իսկույն և բոլորի մասնակցությամբ` գործող իշխանությունների, գործող ընդդիմության և ամենակարևորը` հասարակության ամենալայն շերտերի` սառը դատողությամբ, հեռահար վերլուծությամբ և մի կտոր խղճով: Խիղճ` սեփական համաքաղաքացու, սեփական երկրի ապագայի նկատմամբ:

Ժողովրդի ձայնը, մարմինը և իշխանությունը Աստծունն են, և հակառակը` Աստծունը նաև ժողովրդինն է. սա սրբազան իրավունք է: Մենք ոչինչ չենք հայցում, ոչինչ չենք խնդրում, և նույնիսկ ոչինչ չենք պահանջում: Ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած de facto հրաժարումները` թե՛ ներքին և թե՛ արտաքին կառավարումներում, պաշտոնականացվեն: Իշխանությունը դառնա ժողովրդինը: Զույգ նոր ընտրություններով` թող արտահերթականությունը նրանք որոշեն, բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մեր ներդրած պարտքը և պատասխանատվությունը վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը` ով էլ լինի: Եվ երկրորդը` սրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրությունը, ըստ էության, գնա համատեղման, միացյալ իրավագոյության դաշտի ստեղծման:

Քարերը հավաքելու ժամանակն է, այդ եղանակն արդեն եկել է Հայաստան:

Ես Չարենց չեմ ցիտելու, բայց այս ճանապարհին ուզում եմ ոչ թե հայտարարել, այլ ձեզ հետ կիսվել, և ես այսօր արդեն մտել եմ հացադուլի մեջ, որ կարելի է անվանել «Ծոմ ազատության»: Թող ժողովուրդն անի «Ժառանգության» հետ` ինչ ուզում է, ինչ իր պահանջն է և իր հրահանգը: Բայց ես կարող եմ ասել «Ժառանգության» մասին` իր բոլոր շեղումներով, սխալներով հանդերձ, որ նա եղել է համեստաբար, նվիրմամբ, սիրով Հայաստանի ու հայ ժողովրդի իրավունքների դաշտում և այդտեղ էլ կմնա առհավետ, մինչև մենք ունենանք քաղաքական արդյունք: Ոչ միայն բարոյական, այլ իրական հաղթանակ: Եվ այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության զանգով:

Ես գիտեմ, որ հարցերը շատ են, և առաջիկայում ես մեծ հաճույքով կփորձեմ պատասխանել բոլոր հնարավոր հարցերին: Նորից կհանդիպենք` շուտով և դարձյալ: Բայց կուզենայի հիմա` այս փորձության շրջանի նախաշեմին, առանձնանալ իմ ընտանիքի հետ, ձեզ նաև տեղեկացնելով մեր ապագայի մանրամասներին:

Ես ուզում էի երկու խոսքով ամփոփել մեր այսօրվա հանդիպումը: Այսքան տարիների ընթացքում այստեղ ներկաները` մեր զինակիցները, համաքաղաքացիները, իմ ընտանիքն էլ հետս, ստացել ենք մեր բաժին վիրավորանքը, ամբաստանությունը, զրպարտանքը, չարախոսությունը: Եվ երբ դա լինում է ամեն օր, այն էլ` սեփական հայրենիքում, չէնք կարող ժխտել, որ դա ցավ է: Բայց միաժամանակ մենք գիտենք` այսքան տարիների ընթացքում ինչ ուժ, օրհնություն, գեղեցկություն, լիցք կա, որ տակավին մնացել է Հայաստանում: Եվ ես, որ, օրինակի համար, փորձում եմ մի քիչ շատ մարզանք անել` քայլել Երևանի փողոցներով, ամեն տեղ հանդիպում եմ ամենատարբեր քաղաքացիների, ովքեր տալիս են այդ օրհնանքը, ովքեր ցույց են տալիս, որ Հայաստանն ունի ապագա, հեռանկար, վաղվա օր, միայն թե առանձին-առանձին մեր հույզերը, բողոքներն արտահայտելու փոխարեն միասին գանք նույն ավազանը` նույն հրապարակը, մեր նպատակն իրացնելու համար: Եվ կտեսնեք` ինչ հեշտ է, և կափշենք, թե էլ ինչու սպասեցինք քսան տարի` նոր, պարկեշտ, մարդկային, քաղաքացիական Հայաստան առաջ բերելու:

Մի քանի օր առաջ ես քայլում էի, և մոտեցավ մի ալեհեր մարդ Երևանի համայնքներից մեկում ու խնդրեց, որ փոխանցեմ ձեզ հետևյալ իր խոսքերը, և ես հիմա իմ պարտքը կատարում եմ. «Ձեր մտքին` լույս, ձեր բազկին` ուժ, միասին` ի կատար»:

Երթաք խաղաղությամբ, մենք շուտով կրկին կհանդիպենք: Մինչև հաղթանակ: Շնորհակալություն»:

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում