
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը դատի է տվել Կրասնոդարի «Կուբան»-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլի տրանսֆերի հարցում մեքենայություններ կատարելու մեղադրանքով: Գործը քննվելու է Շվեյցարիայի դատարանում: Այդ մասին ИТАР-ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Սելյուկը:
« «Կուբան»-ի գործը քննվելու է Շվեյցարիայի դատարանում: Փաստաբանների խումբն արդեն պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- նշել է գործակալը:
Մինչև Օզիլիսի՝ «Կուբան» տեղափոխությունը Սելյուկին էր պատկանում նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը: Մյուս կեսը պատկանում էր կրասնոդարյան ակումբին: Սելյուկը նշել է, որ ակումբը չէր ցանկանում համագործակցել իր հետ և խաղացողի տրանսֆերը վաճառել է ապօրինի:
« «Սպարտակ»-ը նրա տրանսֆերը վաճառել է 8 մլն եվրոյով: Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ եթե նրա տրանսֆերը վաճառվի 6 մլն-ից ավելի գումարով, տեղափոխությունը պետք է համաձայնեցվեր ինձ հետ:
Պայմանավորվածությունը չի պահպանվել: Ամենատհաճն այն է, որ պաշտոնական պաստաթղթերով նրա տրանսֆերը վաճառվել է 2 մլն եվրոյով: «Սպարտակ»-ը վճարել է 2 մլն, իսկ 6 մլն վճարել է այլ ճանապարհով, այլապես թիմը բաց չէր թողնելու ֆուտբոլիստին»,- հավելել է Սելյուկը:
«Կուբան»-ին ոչինչ հայտնի չէ Սելյուկի՝ ակումբին դատի տալու մասին: Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտնել է ակումբի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:
«Ոչինչ չգիտեմ այդ մասին: Օզբիլիսի տրանսֆերում խախտումներ անելու մասին ևս ոչինչ հայտնի չէ ինձ: Ես Սելյուկի հետ ոչ մի բան չեմ պայմանավորվել և ոչինչ չեմ ասել նրան: Իսկ Արազն ունի գործակալ: Բոլոր հարցերով կարող եք դիմել նրան»:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013թ. ամռանը: Մոսկովյան ակումբի կազմում նա անցկացրած 26 խաղում 4 գոլ է խփել: