Նոյեմբերի 6-ին Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը վիրահատության է ենթարկվել Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում,- հաղորդում է Associated Press-ը:
Նախագահի մամլո քարտուղարի խոսքերով՝ վիրահատությունը բարեհաջող է անցել: Ակնկալվում է, որ մի քանի ժամվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից: Հայտնի չէ՝ ինչ կապակցությամբ է արվել վիրահատությունը:
Նշենք, որ Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն իշխանության ղեկին է գտնվում 1989 թվից: Չնայած այն հանգամանքին, որ նրա կառավարման տարիներին տեղի են ունեցել մի քանի քաղաքացիական պատերազմներ, և Սուդանը կորցրել է Հարավային Սուդանի տարածքը, 2010 թ. Ալ-Բաշիրը կրկին վերընտրվել է նախագահ:
Միջազգային քրեական դատարանը 2009 թ. Սուդանի նախագահին ձերբակալելու որոշում է կայացրել` նրան մեղադրելով ռազմական հանցագործություններ և Դարֆուրի շրջանում 2003 թ. ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սուդանի նախագահը համաձայն չէ դատարանի մեղադրանքների հետ և հրաժարվում է ընդունել իր մեղքը։











































