Մարտի 15-ին, ժամը 13:00-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Տիգրան Փոստանջյանին երկու ամսով կալանքի տակ պահելու վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. փետրվարի 25-ի որոշման դեմ Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքարկման դատական նիստը:
Նիստի ընթացքում դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանի հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ` պաստառներով, դրոշներով և վանկարկումներով իրենց աջակցությունը հայտնելու Տիգրան Փոստանջյանին և դատարանից ակնկալելով արդար դատաքննություն:
Շուրջ երկու ժամ տևած դատական դռնփակ նիստը, հաշվի չառնելով պաշտպանական կողմի որևէ փաստարկ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. փետրվարի 25-ի որոշումը: